27-12-2013 19:25

Քաղաքապետը պարգևատրել է մշակույթի գործիչներին

Այսօր, քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թ. մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի. ՙՀաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Եվ այդ հաջողություններն արձանագրվել են սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ: Մասնավորապես, առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի և մյուս բնագավառներում գրանցած մեր հաջողությունները հենց ձեր նվիրված ու սրտացավ աշխատանքի արդյունքն են, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ:

Անցնող տարին հաջողված տարի էր նաև մշակույթի ոլորտի համար: Ձեր աշխատանքի շնորհիվ մեր աճող սերնդի ու երիտասարդության շրջանում տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում հետաքրքրությունն արվեստի, երաժշտության, գրքի ու գրականության հանդեպ՚,- ընդգծել է քաքագետը: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության շրջանակում, երաժշտության, արվեստի, հեռուստատեսության բնագավառներում բազմամյա վաստակի, ինչպես նաև Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել երգահան, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը և Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հաղորդավար Նառա Շլեպչյանը: Իսկ քաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման, պահպանման և տարածման համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ, ՙԵրևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ՚ մեդալներով են պարգևատրվել պարուսույց Գագիկ Գինոսյանը և բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը: Կրկեսային արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, անբասիր աշխատանքի, բեմական գործունեության 45-ամյակի և ծննդյան 65-ամյակի առթիվ ՙԵրևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ՚ մեդալով է պարգևատրվել նաև ՙԵրևանյան կրկես՚ մշակութային կենտրոնի տնօրեն Սոս Պետրոսյանը: Ոլորտների մի խումբ աշախատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: