Բավ է պառակտվել
03-03-2015 13:34

Նախագահը մասնակցել է Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ մասնակցել անվանի նկարչի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հանրապետության Նախագահը քոլեջում շրջայցից հետո, ներկա է գտնվել այնտեղ դասավանդող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին: Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումների շարքում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն: Հայփոստ ՓԲԸ-ի կողմից նախագծված և տպագրված 2 նամականիշը՝ «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմայով, շրջանառության մեջ է դրվում այսօրվանից: Նամականիշների վրա պատկերված են Փանոս Թերլեմեզյանի ինքնդիմանկարը՝ կատարված 1930 թվականին և «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը (1915թ.): Գեղարվեստի պետական քոլեջում կայացել է նաև ՀՀ կենտրոնական բանկի թողարկած՝ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամի շնորհանդեսը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, իսկ դարձերեսին՝ Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից և նրա ինքնադիմանկարից դրվագներ: Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակի առթիվ պետական պատվերով հրատարակվել է «Թերլեմեզյանցիներ» հուշագիրք-ալբոմ, որի շնորհանդեսը ևս Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել նկարչի անունը կրող քոլեջում: Երկու մասից կազմված գրքում ներկայացված են խորհրդային ժամանակաշրջանում, այնուհետև անկախ Հայաստանում քոլեջում դասավանդած և դասավանդող արվեստագետների կենսագրական տվյալներն ու աշխատանքները: