Բավ է պառակտվել
23-05-2015 13:39

Վարչապետը ներկա է գտնվել Լևոն Թութունջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել հայ ականավոր սյուրռեալիստ գեղանկարիչ Լևոն Թութունջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Ցուցադրությանը ներկայացված են Թութունջյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, 24 գրաֆիկական աշխատանքներ և արվեստի տարաոճ 3 քանդակ:
1925 թվականից Թութունջյանի ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին:
Թութունջյանի «Դեղին դիմակ» ստեղծագործությունը, որը ցեղասպանությունը վերապրած արվեստագետի լավագույն գործերից է, վերջին անգամ ցուցադրվել է 1988-ին Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները աբստրակցիայի, թաշիզմի և սյուրռեալիզմի 1920-60-ական թթ. բացառիկ նմուշներ են:
Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է պատկերասրահում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վկայություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին: Ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած արվեստագետների և նրանց սերունդների ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ, Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հավաքածուում պահպանվող «Արևմտյան Հայաստանը և հայկական կոտորածների արտացոլումը փոստային բացիկներում» խորագրով շուրջ 300 բացիկ:
Ներկայացված են նաև Գրիգոր Աղասյանի՝ Ցեղասպանության թեմայով արված աշխատանքները: