Բավ է պառակտվել
13-03-2015 03:00

Genealogy խմբի երգի պրեմիերան (տեսահոլովակ)

Genealogy խումբը հինգշաբթի Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ներկայացրեց «Մի ժխտիր» (Don't Deny) երգի պրեմիերան, որով խումբը հանդես կգա Եվրատեսիլ 2015 մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը: Երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը, որպես տեսահոլովակի ռեժիսոր է հանդես եկել Արեն Բայաթյանը: Տեսահոլովակի պրեմիերայից առաջ հայտնի է դարձել խմբի վեցերորդ մասնակցի՝ Ինգա Արշակյանի անունը: Խմբի կազմում են հինգ աշխարհամասերում և Հայաստանում բնակվող հայազգի երգիչները՝ Եվրոպա աշխարհամասը ներկայացնող ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), Ամերիկան ներկայացնող Թամար Կապրելյանը, Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբիյանը (Vahe Tilbian), Ասիայի ներկայացուցիչ Սթեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian) Ճապոնիայից, ավստրալիացի օպերային երգչուհի Մերի Ջին Օ' Դոհերթի Վասթմազյանը (Mary-Jean O'Doherty (Vasmatzian), ինչպես նաև Հայաստանի ներկայացուցիչ Ինգա Արշակյանը: Մրցույթի վեց մասնակիցները կխորհրդանշեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նշանը՝ անմոռուկը: Փետրվարի սկզբին Եսայի Ալթունյանը ներկայացրել է «Je n'oublie pas» («Չեմ մոռանա»), Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված երգը: Թամար Կապրելյանը հայտնի է դարձել 2008 թվականի մարտին, երբ նա ճանաչվել է որպես Interscope Records մրցույթի հաղթող OneRepublic խմբի Apologize երգի լավագույն կատարման համար: Վահե Թիլբիյանը կատարում է բազում ոճերի երգեր՝ ռոք, տեխնո, ռեգգի, R&B և օգտագործում է հայկական, եթովպական և լատինոամերիկյան ելևէջներ: Ճապոնիայում բնակվող Սթեֆանի Թոփալյանը սկսել է երգել 13 տարեկան հասակում: 19 տարեկան հասակում Սթեֆանին SME records (SONY)-ի հետ Ճապոնիայում թողարկել է իր դեվյուտային ձայնագրությունը: Մինչ իր երգչի կարիերան սկսելը Սթեֆանին ավարտել է Այոմայի Համալսարանի իրավաբանական բաժինը: 2007 թվականին նա ստացել է մրցանակ 49-րդ Japan Record Awards մրցույթի «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում: Այնուհետև Սթեֆանին երկու ալբոմ է թողարկել: Նրա դերասանական դեբյուտը կայացել է Yukari Ichijo’s shōjo-ի հիման վրա նկարահանած «Հպարտություն» ֆիլմում: Նա նաև նկարահանվել է «Թոկիո Թրաիբ»-ում (2014) և «Ամեն ինչ լավ է» կարճամետրաժ ֆիլմում (2009): Մերի Ջին Օ'Դոհերթին անցել է Իսպանիայում կայացած Aragall Singing օպերային երգիչների մրցույթի եզրափակիչ փուլը, հաղթող է ճանաչվել Ավստրալիայում Stuart Burrows International օպերային երգիչների միջազգային մրցույթում, ինչպես նաև հաղթել է մի շարք այլ մրցույթներում: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա կատարել է գլխավոր օպերային դերեր: Քույրեր Ինգա և Անուշ Արշակյանները Հայաստանն են ներկայացրել «Եվրատեսիլ» մրցույթին 2009 թվականին՝ գրավելով տասներորդ տեղը: «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցնի Վիեննայում «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այդ նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին, քանի որ կազմակերպիչների կարծիքով «Եվրատեսիլի» միջոցով միավորվում են մշակույթները և լեզուները: Այս տարի մրցույթի խորհրդանիշն է հանդիսանալու կամուրջներով պատված թափանցիկ մոլորակը՝ ներկայացնելով տարբեր երկրների արտիստների ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները: Այստարի մրցույթին կմասնակցի 39 երկիր՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան, Վրսատանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալտան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Մի շարք երկրներ, որոնց թվում են Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լկուքսեմբուրգը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մրցույթին մասնակցելուց: «Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին: Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում: 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը հանդիսանում է ХХ-րդ դարի առաջին ցեղասպանություն: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման փաստը և վերին աստիճանի ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց Ցեղասպանության հարցով: Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք երկրների կողմից՝ այդ թվում նաև Ուրուգվայի,Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի, Իտալիայի ստորին պալատի, ԱՄՆ նահանգների մեծ մասի, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Կանադայի ևԼեհաստանի խորհրդարանների կողմից: