21-01-2015 13:14

Ինչո՞ւ է Հայաստանում գրեթե բացակայում ակումբային մշակույթը

«Ժամանակակից երաժշտություն» բառակապակցությունը լսելիս՝ առաջին հերթին մտքովդ անցնում է էլեկտրոնային, ակումբային երաժշտությունը: Եվ իրոք,  ցանկացած ժամանակաշրջան աչքի է ընկնում արվեստում իր ուղղությամբ, որում արտացոլված է մեր ժամանակների իրականությունը: Ստիպված եմ խոստովանել,  որ ժամանակին ինքս բավականին թերահավատորեն եմ վերաբերվել այս երաժշտական ուղղությանը, սակայն ընկալելով այն, ես հասկացա, թե որքան հետաքրքիր  ստեղծագործություններ և գործիքավորումներ կարելի է կերտել էլեկտրոնային հնչյունների օգնությամբ: Բայց ինչպե՞ս կարող է իր ողջ կյանքի ընթացքում փոփ  մեղեդայնային երաժշտությամբ հետաքրքրվող մեկը գլուխ հանել «հաուսի» բարդ աշխարհից և ինչու՞ է, որ Հայաստանում այդքան սակավ է այս ուղղության  սիրահարների թիվը: Հայտնի է, որ ողջ աշխարհում ճանաչված հայ դիջեյները շատ չեն, սակայն նրանցից մի քանիսը իրոք ապագա աստղեր են էլեկտրոնային  երաժշտության ոլորտում: Այդ կապակցությամբ News.gisher.ru գործակալությունը զրուցել է էլեկտրոնային երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկի  հետ, ով արդեն աչքի է ընկել Եվրոպայում և Ռուսաստանում: Դիջեյ, երաժիշտ և պարզապես հիանալի անձնավորություն Leon Gris-ը պատմել է իր  ստեղծագործական ուղու և երաժշտական հետագա ծրագրերի մասին:

-Ճիշտն ասած՝ ես սկսել եմ զբաղվել էլեկտրանային երաժշտությամբ միանգամայն պատահմամբ: Այդ սկիզբ է առել 2006 թվականին, երբ ես որոշ ժամանակ  արդեն զբաղվում էի երեկույթների կազմակերպմամբ, և դիջեյների ելույթները ոգեշնչում էին ինձ: Ստացվեց այնպես, որ դիջեյը չկարողացավ ներկա լինել  միջոցառումներից մեկին, իսկ քանի որ երեկույթը հետաձգելը անհնար էր, ես ստիպված էի ստանձնել այդ պարտականությունը: Հյուրերին այնքան դուր եկավ իմ  ելույթը, որ ես սկսեցի զարգացնել իմ այդ ունակությունը: Ես սկսեցի նվագել իմ կողմից կազմակերպած երեկույթներին, այնուհետև ինձ նկատեցին փրոմոութերները  և սկսեցին ինձ հրավիրել հանդես գալու իրենց երեկույթներին:

2009 թվականից ես սկսեցի առաջին քայլեր անել էլեկտրոնային երաժշտություն ստեղծելու  ուղղությամբ: Այդ շրջանում ինձ համար առաջնային էր «փրոգրեսիվ հաուս» ոճը: Մեկը մյուսի հետևից ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան  դիջեյների և երգիչների հետ համագործակցության արդյունքում թողարկեցի մի քանի սինգլ: Իմ հաջորդ քայլը եղել է հայկական շոու-բիզնեսի երիտասարդ սերնդի  հետ համագործակցությունը: Տաղանդավոր երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ նկարահանեցինք Better Way և Today երգերի տեսահոլովակները: 2010  թվականից սկսել եմ մշտապես համագործակցել Երևանից Deep Danny դիջեյի հետ, ում հետ 2012 թվականին մենք ստեղծեցինք Supacooks նախագիծը: Տվյալ  նախագծի շրջանակներում մենք մի հզոր հարվածով ներխուժեցինք եվրոպական ակումբային արտադրություն և շատ սեղմ ժամկետներում կարողացանք բարձրաձայնել  մեր մասին Deep House-ի «հրեշների»շարքերում (ներող եղեք ինձ իմ «համեստության» համար): Վերջերս սկսել ենք աշխատել ռուսաստանյան դիջեյների և  պրոդյուսերների հետ:

Արդեն համագործակցում ենք Գրուվի հետ, իսկ շուտով լույս կտեսնեն Ալեքսեյ Ռոմեոյի և այլոց հետ ստեղծագործությունները, սակայն այդ  մասին, հուսով եմ, կխոսենք հաջորդ անգամ: Բնականաբար երաժշտի համար առավել կարևոր է ունկնդիրը, և, ցավոք, Հայաստանում գրեթե բացակայում է  ակումբային մշակույթը: Եթե ողջ աշխարհում ընդունված է ակումբ հաճախել պարելու և ուրախանալու նպատակով, ապա Երևանի ակումբների այցելուների զգալի  մասը այն մարդիկ են, ովքեր շփոթում են ակումբը այլ վայրերի հետ, որտեղ ընդունված է խորոված տալ: Համաձայնվեք, որ նմանատիպ շրջապատում այնքան էլ  հաճելի չէ ստեղծագործելը, նվագելը և գնահատվելը: Մեր երաժշտությունը հիմնականում գնահատվում է Հայաստանի սահմաններից դուրս: Ճիշտն ասած՝ անցյալում ես փորձել եմ կապ հաստատել ողջ աշխարհի հայ դիջեյների հետ, ուզում էի միավորել մեր ջանքերը, ինչ-որ հետաքրքիր երևույթ ստեղծել… Որոշների  հետ այդ ստացվել է, մյուսների հետ աշխատանքը ընթացքում է, իսկ ոմանց հետ էլ նույնիսկ շփվելու ցանկություն չունեմ: Համենայն դեպս ես մշտապես  պատրաստ եմ համագործակցել: Չէ՞ որ երաժշտությունն իր հատուկ լեզուն ու ուղերձն ունի, որը հասնում է հասցեատիրոջը նույնիսկ առանց խոսքերի:

Տաթև Առաքելյան