Բավ է պառակտվել
16-12-2015 14:26

Ինչո"ւ է Քարդաշյան–Ուեսթ զույգն այդքան արտասովոր անուն ընտրել որդու համար

Երեխաների անունների ընտրությունը հաճախ փոփոխվող, բայց հետաքրքիր երևույթ է։ Մինչ Ռուսաստանում մայրիկներն ու հայրիկները մրցում են իրենց ժառանգի համար սլավոնական անսովոր անուն գտնելու հարցում կամ, օրինակ, մանկիկին կոչում են «Գահերի խաղի» սիրված կերպարի անունով, ամերիկացի ծնողները որոշեցին «չմանրանալ»:  Այսպես, ռեփեր Քանյե Ուեսթը և նրա կինը` Քիմ Քարդաշյանը, ովքեր օրերս երկրորղ անգամ վերապրեցին ծնող դառնալու երջանկությունը, որդուն կոչեցին Սուրբ (Saint)։ Եվ նրանք բացառություն չեն կազմում իրենց փառասիրությամբ` Մեսիա, Արքա և Արքայազն անունները գնալով տարածում են գտնում օվկիանոսից այն կողմ։ Baby Name Wizard մանկական անուններին նվիրված կայքի հիմնադիր և համանուն գրքի հեղինակ Լորա Ուոթենբերգը բացատրել է այդ ֆենոմենի էությունը։

Ինչո՞վ է վատ հին ու բարի Մայքլը

Մայքլ անունը ոչնչով մեղավոր չէ, պարզապես, ԱՄՆ–ում ամենատարածված անունների թոփ–10–ում է։ Իսկ ահա պերճաշուք անունների տարածված լինելը, Ուոթենբերգի խոսքով, պատահական չէ։ Եվ այս դեպքում Քանյեն և Քարդաշյանը բոլորովին նորաձևության թելադրող չեն, այլ հետևում են դրան։ «Այսպիսի անուններն արտացոլում են հասարակական տարածվող միտումը։ Մեր օրերում մարդիկ ավելի հակված են գովաբանել իրենց երեխաներին»,– ասում է Լորան։ Անշուշտ, բոլոր ժամանակներում ժառանգներին վերաբերվել են որպես փոքրիկ արքայազնների և արքայադստրերի` արդարացիորեն նրանց անգին համարելով։ Բայց հենց մեր օրերում են մայրիկներն ու հայրիկներն ավելի ցցուն ցուցադրում իրենց այդ վերաբերմունքը սեփական երեխաների նկատմամբ։ Այստեղից էլ այն անունները, որոնք ավելի հաճախ են ստանում նորածին տղաներն ու աղջիկները` Heavenly (Երկնային), Regal (Արքայական), Reign (Իշխող), Miracle (Հրաշք)։ «Երեխային հասկացնելը, որ ինքն առանձնահատուկ է, մեր մշակույթի մի մասն է»,– ասում է Ուոթենբերգը։ Վերադառնալով նորածին Սեինթ Ուեսթին, պետք է նշել, որ ինտերնետ հանրությունն իսկապես տպավորված էր ամերիկյան Քարդաշյան հեռուստադինաստիայի «ժառանգորդի» անվան ընտրությամբ։ «Սուրբ» մանուկի մասին ԶԼՄ–ների նյութերի բազմաթիվ մեկնաբանողներ խոստովանում էին, որ հենց նմանատիպ մի բան էլ սպասում էին այդ զույգից։ Ոմանք նշում էին, որ ավելի օրիգինալ և տրամաբանական կլիներ տղային կոչել Սաութ (South` հարավ), քանի որ նրա ավագ քրոջ անունը Նորթ է (North, «հյուսիս»), Եղել են նաև հետաքրքիր կանխատեսումներ` Twitter–ի օգտատերերից մեկը` @sickboi նիկով մի դեռահաս, Քանյեի և Քիմի երեխայի համար Սեինթ անունն է «մարգարեացել» դեռ 2015 թվականի ամռանը, երբ աստղային ընտանիքը հայտնել էր ընտանիքի համալրման մասին լուրը։

Լորա Ուոթենբերգը մանկական անունների ընտրության հարցում ևս մեկ թափ հավաքող միտում է նկատել։ Նա ասում է, որ աճում է հետաքրքրությունն այնպիսի անունների նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ Դիզելը կամ Տիտանը։ «Ծնողներն իրենց ավելի ազատ են զգում երեխաների անունների ընտրության հարցում և ավելի հաճախ են երևակայությունը գործի դնում այդ հարցում»,– հավելում է փորձագետը։