Բավ է պառակտվել
25-10-2016 17:08

«Ինքս կորոշեմ` ում հետ բարեկամություն անել». Պավլիաշվիլին Բաքվի բոյկոտի մասին

Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին ազգայնական հողի վրա ծագած սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կինոդրամատուրգ Ռամիզ Ֆաթալիևը համացանցում նամակ է հրապարակել, որում նա Սոսո Պավլիաշվիլիին առաջարկում է հրաժարվել Բաքվում նախատեսած բարեգործական համերգից ու առհասարակ զերծ մնալ այնտեղ գնալուց: Ֆաթալիևի խոսքով` Սոսոն առաջիններից մեկն է, ով ղարաբաղյան հակամարտության ընթացքում մենահամերգներով եղել է Հայաստանում և իրավունք չունի դրանից հետո ելույթ ունենալ Բաքվում:

Ադրբեջանցի մշակութային գործչի այս պերճախոս հայտարարությանը Պավլիաշվիլին շատ հանգիստ է արձագանքել` նման նամակի հրապարակումը դրամատուրգի կողմից սեփական անձի հանդեպ ուշադրություն սևեռելու միջոց որակելով: Սոսո Պավլիաշվիլին հայտարարել է, որ իր համերգները քաղաքական ենթատեքստ չունեն, իսկ հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող խաթարել և ոչ մի հակամարտություն:
«Սա անգործների ձեռագիր է. անել այն, ինչ ուզում են. նրանց առաջ ոսկոր գցեք, ու նրանք կսկսեն կրծոտել այն: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 80-ականների վերջին որոշ այլանդակներ (դրանք լինում են բոլոր ազգերում) իրենց ձեռքն առան դանակներն ու սկսեցին մորթել կանանց ու երեխաներին: Կմեկնեմ Բաքու, թե` ոչ, ես այդ դրամատուրգին չեն հարցնելու, անգամ չգիտեմ` ով է նա: Շնորհավորում եմ, նա հիմա հայտնիություն է ձեռք բերում: Ես խաղաղության մարդ եմ: Ես բարեկամություն եմ արել ու շարունակելու եմ բարեկամ մնալ մարդկանց հետ ոչ թե ազգային ու կրոնական պատկանելիության, այլ իրենց քայլերի համար: Աստված ինձ չի ասել ` ահա քեզ տաղանդ` մեկի համար երգի, մյուսի համար` ոչ: Իսկ եթե այդ բարձրագոչ հայտարարություններ անողներն ուզում են վերադարձնել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր կազմեն, գան ու ետ գրավեն: Թե չէ նստել են բազմոցներին ու մտածում են` կգա Սոսոն, թե չի գա: Ես այն (Ղարաբաղը) ոչ մեկից չեմ խլել: Ես կերգեմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են: Ես երբեք ոչ մի պատեարազմ չեմ հրահրել, միայն ուզում եմ մարել այդ պատերազմը: Հայերի հետ ես բարեկամ եմ եղել, կամ ու կլինեմ: Բաքվում շուտով բարեգործական մեծ համերգ կունենանք, ու ես սիրով բոլորին հրավիրում եմ»,- հայտարարել է Պավլիաշվիլին: