02-11-2016 10:23

Պատրիկ Ֆիորին ֆրանսիական հեռուստատեսության եթերում «Դլե յաման» է կատարել (տեսանյութ)

Հայազգի երգիչ, «Նոթղ դամ դը Պաղի» մյուզիքլի աստղ Պատրիկ Ֆիորին ֆրանսիական հեռուստաալիքի եթերում կատարել է «Դլե յաման» հայկական հայտնի երգը։

Նա կատարել է երգը «Երգերի խորհրդավոր կյանքը» հաղորդման ընթացքում դուդուկի նվագակցությամբ։ Կատարողին նվագակցել է հայազգի ջազմեն Անդրե Մանուկյանը։

Ծրագրի հյուր էր նաև ֆրանսիացի հայտնի էստրադային կատարող Պատրիսիա Կաասը։

Պատրիկ Ֆիորին (իսկական անունը` Պատրիկ Ժան–Ֆրանսուա Շուշայան) իր երաժշտական կարիերան սկսել է 12 տարեկանում Մարսելի օպերայի բեմում` ֆրանսիացի դերասան Ֆրանկ Ֆերնանդելի հրավերով։ Միջազգային ճանաչում է ստացել 1993 թվականի «Եվրատեսիլի» ելույթից հետո, երբ «Mama Corsica» երգով զբաղեցրել է չորրորդ տեղը։

«Եվրատեսիլի» շնորհիվ Պատրիկը ճանաչելի է դարձել, սկսել է ծանոթանալ կոմպոզիտորների հետ, երգեր գրել և 1994-95 թվականներին երկու ալբոմ է թողարկել։ Ընդհանուր առմամբ, երգիչը թողարկել է ինը ալբոմ, դրանցից մեկը` «L’instinct masculin»–ը, պլատինե ալբոմ է։

Պատրիկն ունի երկու որդի, ավագ որդու անունը Սևան է։