Դերասանուհի Օրնելա Մուտին մտադիր է Ռուսաստանի քաղաքացի դառնալ: Ինչպես հայտնել է արտիստ Ալեքսանդր Ռևան, Մուտին ՌԴ ռեզիդենտ է և ներկայում ռուսական քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթեր է պատրաստում: Այդ մասին իտալացի կինոաստղն ասել է Ռևայի հետ համատեղ «Ինչպես Չելենտանոն» տեսահոլովակի շնորհանդեսին, որը կայացել է նախօրեին:
Երաժշտական հոլովակում Ռևայի բեմական հերոսը՝ սիրառատ Արթուր Պիրոժկովը, պատկերում է իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյին, Օրնելա Մուտին՝ ինքնիրեն:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ամերիկացի դերասան և պրոդյուսեր Սթիվեն Սիգալին ռուսական քաղաքացիություն տալու մասին:
2013 թվականին ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն նույնպես ստացավ ռուսական անձնագիր՝ միաժամանակ պահպանելով ֆրանսիական քաղաքացիությունը: