Բավ է պառակտվել
12-05-2016 09:59

Հայաստանը «Եվրատեսիլում» Ղարաբաղի դրոշը բարձրացնելու մասին նախապես չի հայտարարում

Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է ԼՂՀ դրոշի ծածանումը «Եվրատեսիլ» մրցույթում։ Հայաստանյան պատվիրակությունը Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությանն առայժմ պաշտոնական պատասխան չունի: Այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսիկ Զախարյանը
Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունից հետո Հայաստանն արդյո՞ք ԼՂՀ դրոշից կհրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի հաջորդ փուլերում։ Արուսիկ Զախարյանը նշեց, որ որևէ որոշում այս հարցով դեռևս չի կայացվել, բայց և նշեց, որ հայաստանյան պատվիրակությունը երբևէ նախապես չի հայտարարել, թե պատրաստվում է նման բան անել`ո՛չ այս, ո՛չ էլ նախորդ տարիներին:

Իսկ այն, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը երեկ ելույթի ընթացքում ձեռքին պահել է ԼՂՀ դրոշը, միանձնյա որոշում չի եղել:
«Դա եղել է ամբողջ պատվիրակության որոշումը»,- ասաց Արուսիկ Զախարյանը:
Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից:
«Եվրատեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը որոշել է կանոնների համաձայն մրցույթը հեռարձակող հեռուստաընկերության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցի բնույթի մասին կհաղորդվի հունիսին»,- ասված է հայտարարության մեջ:
«Եվրոպական հեռարձակողների միությունը խստորեն դատապարտում է Եվրատեսիլի հեռարձակման ընթացքում ԼՂՀ դրոշի ցուցադրումը և համարում է, որ դրոշի հայտնվելը եթերում վնասում է «Եվրատեսիլի» վարկանիշը»,- ասված է հայտարարության մեջ: