Բավ է պառակտվել
25-05-2015 11:47

Հայտնի են Կաննի կինոփառատոնի մրցանակակիրները

Ավարտվեց Կաննի 68-րդ կինոփառատոնը. Փառատոնների պալատում հայտարարեցին մրցանակակիրներին անունները: Այս տարի միջազգային ժյուրիի նախագահներ ընտրվեցին Քոեն եղբայրները, իսկ ժյուրիի կազմում էին Գիլյերմո դել Տորոն, Քսավյե Դոլանը, Սոֆի Մարսոն, Ռոսսի դե Պալման, Ջեյք Ջիլենհոլը, Սիեննա Միլլերը, ինչպես նաև երգչուհի և կոմպոզիտոր Ռոկիա Տրաորեն. Հենց նրանք էին որոշում, թե ով է արժանանալու Ոսկե արմավենու ճյուղին:

Պարգևները բաժանվեցին հետևյալ կերպ. ժյուրիի կարծիքով լավագույն ֆիլմի տիտղոսին արժանացավ ֆրանսիացի ռեժիսոր Ժաք Օդիարի «Դիպան» սոցիալական դրաման: Օդիարը բազմիցս ներկայացրել է կինոփառատոնին իր կինոնկարները:  2009 թվականին իր «Մարգարեն» ֆիլմը արժանացավ Գրան Պրիի: Կինոնկարի հերոսը`Դիպանը, Շրի Լանկայից տեղափոխվում է Ֆրանսիա և, աշխատելով, որպես թիկնապահ, բախվում է բազում խնդիրների:

Գրան Պրիի այս տարի արժանացավ հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշը իր «Սաուլի որդին» ֆիլմի համար: Ի դեպ, այդ կինոնկարը նաև արժանացել է կինոքննադատների միջազգային մրցանակին: Նեմեշը Կաննի կինոփառատոնում նորեկ է, իսկ մինչ «Սաուլի որդին» նկարահանելը ստեղծում էր կարճամետրաժ ժապավեններ: Ֆիլմը պատմում է Օսվենցիմի բանտարկյալի մասին, որը որոշել է հուղարկավորել գազախցիկում մահացած փոքրիկ տղային հրեական ծեսով:

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց չինացի ռեժիսոր Հոու Սյաոսյանը իր «Մարդասպանը» ֆիլմի համար: Նրա համար դա նույնպես առաջին պարգևը չէ: 1993 թվականին նա ժյուրիի մրցանակին արժանացավ «Տիկնիկավարը» դրամայի համար:

Այս անգամ ժյուրիի մրցանակի է արժանացել հույն Յորգոս Լանտիմոսը «Ծովագեցգետինը» ապագայի մասին աբսուրդի դրամայի համար, որում գլխավոր դերերը կատարել են Քոլին Ֆարելը, Ռեյչլ Վայսը և Լեա Սեյդուն: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Վենսան Լինդոնը Ստեֆան Բրիզեյի «Շուկայի օրենքը» կինոժապավենի համար, իսկ կնոջ լավագույն դերի համար մրցանակը կիսել են Ռունի Մարան («Քերոլ») և Էմանուել Բերքոն («Իմ թագավորը»): 

Նշենք, որ հիմնական մրցույթի ֆավորիտը համարվող «Քերոլ» կինոժապավենը Ոսկե արմավենու ճյուղի չի արժանացել: Որևէ մրցանակի չի արժանացել նաև Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդությունը»: Ափսոս: