10-02-2016 16:33

«Օսկարի» մրցանակակիրները բեմից ավելի քիչ կխոսեն

«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպմամբ և մրցանակների հանձնմամբ զբաղվող Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան որոշել է կրճատել հաղթողների ելույթների ժամանակը: Ակադեմիայի նախագահն ավանդական ճաշկերույթի ժամանակ, որին ներկա են եկել «Օսկար» մրցանակի բոլոր հավակնորդները, հայտարարել է, որ այս տարի մրցանաբաշխության արարողության մեջ որոշակի փոփոխություններ են եղել: Առաջարկվել է, որ հավակնորդները նախապես կազմեն ցուցակ այն մարդկանց անուններով, որոնց կցանկանան մրցանակը ստանալուց հետո ունեցած ելույթում շնորհակալություն հայտնել: «Օսկար»-ի մրցանակակրի անունը հայտարարելուց հետո համապատասխան ցուցակը կհայտնվի էկրանին վազող տողի տեսքով, իսկ հաղթողը կկարողանա իրեն հատկացված 45 վայրկյանի ընթացքում այլ բաների մասին խոսել: Պրոդյուսերները բացատրել են, որ նման որոշում են ընդունել նախորդ մրցանակաբաշխության ժամանակ ստեղծված այն իրավիճակից հետո, երբ «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող Դանա Փերիի խոսքն ընդհատվել էր հաջորդ անվանակարգի հավակնորդների մուտքն ազդարարող երաժշտությամբ: Այդ պահին Պերրին պատմում էր այն մասին, թե ինչպես իր վրա, որպես կինեմատոգրաֆիստ, ազդել է իր որդու ինքնասպանությունը: