Բավ է պառակտվել
16-05-2017 12:48

Հայաստանում իրական չափսերի Նոյյան Տապան կկառուցվի

Հայաստանում ծրագրվում է կառուցել «Նոյյան Տապան» պատմամշակութային և գիտակրթական համալիր, այս մասին հայտնում է նախագծի նախաձեռնող« Ազգովի կառուցենք» հիմնադրամը:
Կազմակերպիչները ծրագրում են այնպիսի տեսքով և չափսերով Նոյյան Տապան կառուցել, ինչպիսին որ նշված է Հին կտակարանում, և տեղադրել այն բարձրադիր վայրում՝ Արարատ լեռան դիմաց: Կառույցը կլինի երկաթբետոնե՝ փայտե ծածկույթով, 300 կանգուն (132 մ.) երկարությամբ, 50 կանգուն լայնությամբ (22 մ.) և 30 կանգուն բարձրությամբ (13,2 մ.):
Ծրագիրը ներկայացվելու է Կառավարությանը, ինչից հետո համապատասխան հողատարածք հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները:
« Տվյալ պատմամշակութային և գիտակրթական համալիրը համամարդկային նշանակություն է ունենալու: Այն փաստացի դառնալու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը»,- նշել են հիմնադրամում:
Տապանում նախատեսվում է կառուցել 200 տաղավար, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի և պետությունների դրոշներն ու զինանշանները, ինչպես նաև ազգային մշակույթի ցուցանմուշներ:
40 սենյակներում կարելի կլինի տեղավորել ուխտագնացների և զբոսաշրջիկների: Ծրագրվում է նաև թանգարան, ցուցասրահ և գրադարան բաց անել, ինչպես նաև կոնֆերանս-դահլիճներ և սրահներ:
Նշենք, որ արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրեն Մարտուն Հարությունյանը: