08-08-2016 13:53

Նիկիտա Մնդոյանցը դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող է դարձել

Մոսկվայաբնակ 27-ամյա Նիկիտա Մնդոյանցը դարձել է դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող, որն ավարտվել է ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում (Օհայոյի նահանգ):Այդ մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Մնդոյանցի կողմից Բեթհովենի դաշնամուրի եւ նվագախմբի համար չորրորդ կոնցերտի կատարումը, որը նա ընտրել էր իր եզրափակիչ ելույթի համար, գերել է ժյուրիին: Իսկ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, երբ անցկացվել է մրցույթը, դաշնակահարը կատարել է մոտ մեկ տասնյակ ստեղծագործություններ, այդ թվում՝ Հայդնի, Բախի եւ Շուբերտի գործերը:

«Մրցույթի արդյունքները գրեթե նշանակություն չունեն,- խոստովանել է նա:- Դու պարզապես պատրաստվում ես հասնել բարձրագույն կատարողական մակարդակի, որին ընդունակ ես, պատրաստվում ես նոր քայլ անել քո պրոֆեսիոնալ կյանքում»:

Մնդոյանցից բացի, եզրափակիչ են հասել եւս երեք կատարողներ: Արդյունքում՝ երկրորդ տեղը բաժին է հասել 20-ամյա իտալացի Լեոնարդո Կոաֆելիչեին, որն իր եզրափակիչ ելույթի համար ընտրել էր Սերգեյ Պրոկոֆեւի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար թիվ 3 կոնցերտը: Ժյուրիի որոշման համաձայն՝ երրորդ տեղը գրավել է 27-ամյա ուկրաինուհի Դինարա Քլինթոնը: Մրացանակակիրները ցուցակը եզրափակում է ռուսաստանցի եւս մեկ դաշնակահար՝ 28-ամյա Գեորգի Չաիձեն:

1975 թվականին հիմնված դաշնակահարների միջազգային մրցույթը Քլիվլենդում անցկացվում է երկու տարին մեկ: Դրան մասնակցում են 30-ից ոչ բարձր տարիքի երաժիշտներ: Գլխավոր մրցանակը 75 հազար դոլարի չափով դրամական պարգեւն է եւ Նյու Յորքում մենահամերգով հանդես գալու իրավունքը:

Նիկիտ Մնդոյանցը ծնվել է 1989 թվականին Մոսկվայում: 2011 թվականին նա գերազանց առաջադիմությամբ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Որպես դաշնակահար ու կոմպոզիտոր քանիցս երաժշտական մրցույթների դափնեկիր է դարձել աշխարհի տարբեր երկրներում: 2013 թվականին Մնդոյանցը ԱՄՆ-ի Ֆորտ Ուերտե քաղաքում (Տեխասի նահանգ) դարձել է Վան Կլիբերնի անվան դաշնակահարների հեղինակավոր մրցույթի ֆինալիստ: