Բավ է պառակտվել
10-07-2015 07:57

Չնայած Քրքորյանի մահվանը, Ցեղասպանության մասին նրա ֆիլմը կնկարահանվի

Չնայած իր մահկանացուին, որ ամերիկահայ լեգենդար գործարար Քըրք Քրքորյանը կնքեց անցած ամսի, նա հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Այժմ «Խոստում» (The Promise) վերնագրով ֆիլմի նկարահանումները կշարունակվեն: Դրանում հանդես են գալու հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը: «Խոստումը» նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը այս կերպ ֆինանսավորելու է Survival կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը այս առիթով ասել է, որ Survival Pictures-ը ծնվել է Քրքորյանի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նրա բնորոշմամբ` «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Գլեյզերը ասել է նաև, որ Քրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Այս լուրի առիթով Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա մասնավորապես տարածել է նույն լուրի առիթով Variety հանդեսի հրապարակումը և հայտնել, որ ինքը ևս մասնակից է այս նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով: Հայտնվելու դեպքում ավելի շատ մանրամասներ կհայտնեմ», - գրել է Թանկյանը: