Բավ է պառակտվել
27-04-2015 10:50

Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելը ԱՄՆ-ի պատմության նկատմամբ արհամարհանքի արտհայտում է, Սերժ Թանկյան

System of Down ռեք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Times» պարբերականում ներկայացրել է իր մոտեցումները Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հարցում: Նմանատիպ հոդվածով նախօրեին հանդես է եկել նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Ապրիլի 23-ին System of Down-ը առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանում իր «Wake up the Souls» («Արթնացրեք հոգիները») ծրագրով, որը նվիրված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Իր հոդվածում Թանկյանը գրել է, որ խմբի բոլոր անդամները չափազանց հուզված էին, քանի առաջին անգամ էին ելույթ ունենում իրենց պապերի հողում: «Դա անշուշտ մեր ամենաանմոռանալի ելույթն էր», - գրում է Թանկյանը: Իր հոդվածում երաժիշտը պատմում է նաև այն մասին, որ իր ծնողների ծնողները Ցեղասպանություն են վերապրել: «Հայերի, հույների, ասորիների հիշատակի ոգեկոչումը ամենևին էլ հարյուր տարի առաջ իրագործված Ցեղասպանության մասին հիշատակում չէ: Մարդիկ պետք է հասկանան, որ դա հին խնդիր չէ, դա ժամանակակից խնդիր է, քանի որ ցեղասպանությունը օգտագործվում է որպես քաղաքական կապիտալ, և մարդիկ իրականում ուշադրություն չեն դարձնում մարդկային կորուստներին և այն վնասին, որը մենք հասցնում ենք միմյանց: Առ այսօր չկա ցեղասպանությունը կանխող արդյունավետ մեխանիզմ», - գրում է երաժիշտը: Թանկյանը նաև անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների քաղաքականությանը Ցեղասպանության հարցում: «Թուրքիայի կառավարությունը օգտագործում է իր իշխանությունը և միլիոններ է ծախսում պատմական իրողությունը մերժելու համար: Նախագահ Բարաք Օբաման, երբ նա դեռ թեկնածու էր, խոստացավ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այժմ երբ նա նախագահ է, այդ եզրույթը չօգտագործելը երեսպաշտություն է: Դա վիրավորում է մեր նախնիների հիշատակը և ԱՄՆ պատմությունը, քանի որ 1915 թվականին ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշապատումները վկայում են այն մասին, որ Օսմանյան առաջնորդները Ցեղասպանություն էին իրագործում», - նշում է Թանկյանը: «Հինգշաբթի, բեմ բարձրանալուց առաջ, ես մտածում էի իմ պապիկների և տատիկների մասին, և այն մասին, որ այդ համերգով ես գովաբանում եմ այն, որ նրանց հաջողվեց փրկվել: Համերգից առաջ մեր կիթառահար Դարոն Մալաքյանը նշեց. «Դա պարզապես ռոք-համերգ չէ: Դա վրեժ է նրանց, ով սպանում էր մեզ»: Կարծում եմ, դա տեղին է ասվել: Մենք դեռ այստեղ ենք: Մենք դեռ ողջ ենք»,- հավելում է Թանկյանը: