21-11-2014 20:46

ՀՀ նախագահը ողջունել և հաջողություններ է մաղթել մշակույթների երկխոսություն-ֆորումին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ:

Հանրապետության Նախագահը ողջունել և հաջողություններ է մաղթել երևանյան ֆորումին, որի նպատակն է՝ վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, քննարկել բնագավառի արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները, նախանշել փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման հնարավորություններն ու հեռանկարը: Սերժ Սարգսյանը կարևորել է նման ձևաչափով համագործակցությանը պարբերական բնույթ հաղորդելը և լսել ֆորումի նպատակների իրագործման ուղղությամբ հանդիպման մասնակիցների ծրագրերն ու առաջարկությունները:

Սերժ Սարգսյանն այնուհետև դիտել է «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. հայացք XXI դարից» ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մ.Ի. Գլինկայի անվան թանգարանի՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, հազվադեպ հրատարակություններ, լուսանկարներ, անձնական և բեմական իրեր, որոնք պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Շալյապինի ողջ կյանքի, գործունեության, ստեղծագործական համագործակցության և մեծ բարեկամության, ինչպես նաև նրանց արվեստի դերի ու նշանակության մասին համաշխարհային և, մասնավորապես, ռուսական երաժշտական արվեստի զարգացման գործում: