18-11-2014 08:18

Նախագահն ուղերձ է հղել Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ կոնգրեսի մասնակիցներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ կոնգրեսի մասնակիցներին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո հյուրե՛ր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսի կազմակերպումը Երևանում նշանակալի իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, և ես ջերմորեն ողջունում եմ կոնգրեսի բոլոր մասնակիցներին: 
Վստահ եմ, որ տասնյակ տարիների գործունեությամբ ինստիտուտը եղել է մշակութային կամուրջ տարբեր ազգերի ու երկրների միջև՝ նպաստելով ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և փոխադարձ ճանաչմանը: Ուրախ եմ, որ Հայաստանի թատերական գործիչների ազգային կենտրոնը նույնպես այս հեղինակավոր կազմակերպության մասն է, և պատահական չէ, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից ընդունվել է կենտրոնի հրավերը՝ իր հերթական՝ 34-րդ կոնգրեսը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Հայաստանը վաղնջական ժամանակներից ունի թատերական ավանդույթներ, ինչպես նաև՝ մշակույթը համամարդկային բարոյական որակների բարձրացմանը, ժողովուրդների բարեկամությանը և աշխարհի խաղաղությանը ծառայեցնելու խորապես գիտակցված սկզբունքներ: 
Համոզված եմ, որ ներկա կոնգրեսը կդառնա համագործակցության, նոր ծրագրերի ու նախագծերի իրականացման հարթակ, կնպաստի արդի թատրոնի զարգացման միտումներին և առկա խնդիրների լուծմանը: Հաջողություն և արդյունավետություն եմ մաղթում կոնգրեսի աշխատանքներին, իսկ մասնակիցներին՝ ջերմ ու անմոռաց տպավորություններ Հայաստանից»: