02-10-2014 14:57

Մշակութային կրթություն չստացածը ճաշակ է թելադրում. Ռ. Բաբայան

Ըստ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի՝ հանդիսատեսի մեջ մշակութային կրթությունն է այսօր պակասում։ Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, թե մենք մեր երեխաներին մշակութային կրթություն չենք տալիս, ինչը բերում է ավելի լուրջ բանի, երբ մշակութային կրթություն չստացածը սկսում է թելադրել ճաշակ: Սա ոչ թե այնքան արվեստի խնդիրն է, որքան կրթական խնդիր:


Ռուբեն Բաբայանը նշեց, որ Տիկնիկային թատրոնում սեպտեմբերին բացվել է 79-րդ թատերաշրջանը. նախատեսված են շրջագայություններ, կան որոշակի նորություններ:
Ինչ վերաբերում է թատրոնի առանձնահատկությանը, ապա նա ասաց. «Հաճախ քեզ բնորոշող, առանձնացնող առանձնահատկությունը իմանում ես տուրիստներից, և ըստ այդ բնորոշման, մեր թատրոնը առանձնանում է իր թատերական պոետիկայով»: Տիկնիկայինի ղեկավարը վստահեցրեց, որ բարությունը, լույսը հնացած կատեգորիաներ չեն:
Ըստ Ռուբեն Բաբայանի՝ ներկայացումն իր վերջնական արդյունքին հասնում է հանդիսատեսի շնորհիվ: «Երբ աշխատում է հանդիսատեսի երևակայությունը, նա դառնում է ներկայացման մասնակից»,-ասաց նա: