27-03-2014 12:21

«Պետության կողմից արհամարհական վերաբերմունք կա թատերական գործիչների նկատմամբ».թատերագետ

 

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դարձել է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Այս առիթով երևանյան մամուլի ակումբներից մեկում լրագրողների հետ հանդիպեց թատերագետ Լևոն Մութաֆյանը. «Հայկական թատրոնը կա, հայկական թատրոնն ապրում է, փառատոների միջոցով ինտեգրվում է միջազգային թատերական գործընթացին: Այսօր աշխուժացել են նաև մարզային թատրոնները»: Անրադառանալով նաև թատրոնի առաջ ծառացած խնդիրներին, թատերագետը նախ նշեց «Թատրոնի մասին» օրենքի բացակայությունը. «Թատրոնն այսօր գործում է ոչ օրենսդրական դաշտում, ՊՈԱԿ-ի մասին օրենքով թատրոնը շատ կաշկանդված է: Առաջին հատկանիշն այն է, որ թատրոնը ղեկավարում է տնօրենը, ոչ թե գեղարվեստական ղեկավարը: Թատերական կրթություն չունեցող մարդն ընտրում է թատրոնի դերասաններ, գեղարվեստական ղեկավար: Սա է թերություններից մեկը: Ազգային ժողովում ֆուտբոլի գնդակ է դարձել «Թատրոնի մասին» օրենքը»:
Լ. Մութաֆյանը մեծ բացթողում է համարում ազգային խաղացանկի բացակայությունը. «Ազգային թատերագրության նկատմամբ արհամարհական վերաբերմունք կա»: Ըստ թատերագետի, նաև ժամանակակից հայկական, ժամանակակից եվրոպական թատերագրությունը չի գալիս թատրոն, այլ բեմադրվում են թարգմանական ստեղծագործություններ, որոնք գլխավորապես ժամանակավրեպ գործեր են: «Պետության կողմից կա արհամարհական վերաբերմունք թատերական գործիչների նկատմամբ, այսօր թատրոնի ոլորտի մարդիկ շատ քիչ են վարձատրվում»,-ասաց բանախոսը: «Թատրոնը պետության համար չի դարձել ռազմավարական նշանակության կառույց: Թատրոնը ժողովրդական դիվանագիտության լավագույն միջոցներից մեկն է»,- եզրափակեց Լևոն Մութաֆյանը: