Բավ է պառակտվել
03-09-2015 11:36

Այսօր Երևանում ելույթ կունենա լեգենդար դիրիժոր Զուբին Մեթային

Այսօր «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում տեղի կունենա իրադարձային համերգ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ «Անհավատալի է, որ այստեղ է դարի մեծագույն դիրիժորներից մեկը` Զուբին Մեթան, ով ցանկացած բեմի ամենասիրելի արտիստն է: Իսրայելի նվագախումբն աշխարհի լավագույններից է»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը: Նրա խոսքով, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի համերգը ևս մեկ բարձունք է, որը հաղթահարեց փառատոնը: Նա նաև ասել է, որ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգից առաջ այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ասուլիսին ներկա աշխարհահռչակ դիրիժորն իր խոսքում նախ շեշտել է, որ հայերին տաղանդավոր ազգ է համարում, այնուհետև ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստանում լինելը: Պատիվ է ոչ միայն ինձ, այլև նվագախմբի համար: Ես հայկական համայնքի հետ շատ փոքր շփում եմ ունեցել, իմ հայրը Իվան Ղալամյանի մոտ է սովորել Նյու Յորքում: Հայրս միշտ խոսել է իր մեծագույն ուսուցչի մասին: Ունեմ շատ ուրիշ հայ ծանոթներ Վիեննայում, շփվել եմ նրանց հետ»: Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա ղեկավարել է և հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։ Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների և մրցանակների Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011թ-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում։ «Երևանյան հեռանկարներ» փառատոն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: