12-10-2017 13:12

Հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչը ցնցել է Նարեկացու իմացությամբ (Լուսանկարներ)

 

Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը նախօրեին ցնցել է հայ հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից:
Ինչպես հաղորդում են նվագախմբի մամուլի ծառայությունից, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն ընդգծել է, որ նախապես պլանավորված չի եղել, որ Մալկովիչը հայկական ստեղծագործություն է ներկայացնելու: Ինքը՝ դերասանն է ցանկացել դա, և փառատոնի կազմակերպիչները Մալկովիչին առաջարկել են ներկայացնել մի հատված՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: Նրանք զարմացել են իմանալով, որ Մալկովիչը քաջատեղյակ է միջնադարի հայ պոետի և փիլիսոփայի գործունեության մասին: Ավելին, նա արդեն գիտեր, թե պոեմի որ հատվածն է ցանկանում ներկայացնել:
Եզակի համերգային ծրագրով էլ մեկնարկեց Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնը: Երաժշտությունն ու գրականությունը՝ արվեստի այս ամենաազդեցիկ տեսակները միավորվեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում: Եվ այդ միությունն է՛լ ավելի ազդեցիկ էր, քանի որ ներկայացվում էր մեր ժամանակների մեծագույն արտիստ Ջոն Մալկովիչի կողմից:


Նախագծի շրջանակներում նախատեսված է քսաներորդ դարի երկրորդ կեսի ամենաբացառիկ երաժշտական ֆիգուրներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարումը, որը կուղեկցվի Էռնեստո Սաբատոյի « Հերոսների և շիրիմների մասին» ( «Հաղորդագրություն կույրերի մասին»)ստեղծագործության ասմունքով:
Փառատոնի բացման արարողությանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունեցել նաև դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան:
Մաեստրո Սմբատյանի խոսքերով, համերգի ուղերձը շատ կարևոր է:
« Ջոնը գտնում է, որ այն, ինչ կատարվում է երաժշտության և երաժշտության ձևաչափերի միջև՝ կարող է փոխել մարդուն»,- նշել է Սմբատյանը:
Փառատոնի բացման արարողությանը ներկայացվել է նաև Էդվարդ Միրզոյանի՝ նվագախմբի համար գրված սիմֆոնիան և լիտավրը (սոլո լիտավր՝ Էդուարդ Պապոյան):
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Իվան Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Փառատոնը կանցնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական տոնը իրականություն կդառնա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերի շնորհիվ (նվագախմբի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության և «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: