Բավ է պառակտվել
04-11-2016 12:11

Հայաստանում պատմամշակութային հուշարձանները աղետալի վիճակում են. փորձագետ

Հայաստանում պատմամշակութային հուշարձաններն ուղղակի աղետալի վիճակում են, լրագրողների հետ հանդիպմանն իր մտահոգությունները հայտնեց պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

 «Դրա համար պատասխանատու են նախ և առաջ պետական կառույցները, պատասխանատու են ոչ միայն իրենց գործառույթով, ոչ ճկուն քաղաքականությամբ, այլ նաև մշակութային ժառանգության ողջ ծանրությունը բարդվել է պետական կառույցների վրա»,- ասաց հնագետը:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում կան բազմաթիվ մոտեցումներ՝ համայնքային ղեկավարում, հավատարմագրային ղեկավարում:

Համլետի Պետրոսյանի համոզմամբ, պետք է Հայաստանում օրենսդրությունը փոխվի ու մշակութային ժառանգությունը պետք է դառնա հասարակության ունեցվածքը:

«Սրա տարբեր ձևեր կան՝ սկսած առանձին անհատներից, ովքեր պարտավոր են և պայմանագիր կարող են կնքել վերահսկել, սկսած կազմակերպություններից, որոնք կարող են պետության հետ հավատարմագրային ծառայության մտնել և վերցնել հուշարձանները, համայնքային հզոր կառույցների ստեղծում, որոնք կարող են իրենց տարածքի հուշարձանները համարել իրենցը, իրավունք կունենան ներառել այդ հուշարձանները սոցիալ-մշակութային կյանք:

«Հայաստանի այն հուշարձանները, օրինակ Գառնին, որը շատ այցելություն ունի, լուրջ գումարներ է բերում, գուրգուրում են: Բայց ունենք հուշարձաններ, որոնք իրենց արժեքով, էսթետիկայով ամենևին չեն զիջում Գառնիին, բայց համարյա այցելու չունեն, հետևաբար պետական կառույցներն այդքան էլ ուշադիր չեն:  Սա բնական է, որովհետև մշակույթի նախարարությունը, համապատասխան կառույցները  այդ դաշտը, որպես պատասխանու վերցնելով,  վերաբերում են որպես իրենց սեփականություն, հակված են ավելի շատ օգտագործել այն համալիրները, որոնք եկամուտ են բերում, բարեկարգ են: Բայց համարյա ամեն գյուղում ունենք երկու-երեք հուշարձան, որոնք ողբալի վիճակում են»,- ասաց հնագետը: