Բավ է պառակտվել
20-01-2014 13:32

Մշակութային եղեռն

 Ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9-ի Կոնվեցիայի մեջ:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված եւ ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաեւ հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու եւ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «...Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում... Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արեւածաղիկ փաթեթավորելու համար»:

Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված եւ թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության, Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց եւ ավերվեց:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաեւ Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաեւ Արեւմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արեւմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:

 

Այստեղ ներկայացված են ընդամենը մի քանի օրինակ.

 

Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր

մինչեւ 1965թ. եւ 1998թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

 Խծկոնքի վանք, 11-13րդ դարեր

 Բագնայրի վանք, 11-13րդ դարեր

մինչեւ 1960-ական թթ. եւ 2000թ-ին

 

Նյութը վերցված է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական կայքից http://russia.mfa.am/hy/