Բավ է պառակտվել
15-03-2016 10:31

Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Ապրեց ընդամենը 37 տարի, ստեղծագործական գործունեության ծավալեց ընդամենը 10 տարի… Լեոնիդ Ենգիբարյան՝ արվեստագետ անհատ, ով համալրեց հայ թատերական արվեստի մեծանուն դերասանների շարքը` դառնալով հավերժի ճամփորդ…

Այսօր ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է՝ 1935 թվական, մարտի 15, Մոսկվա:

Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։ 1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտիՄոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

1955թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։

1958թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը(«Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։

Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ»1971 թվական, «Վերջին ռաունդ» 1984 թվականին գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է«Սոյուզգոսցիրկից»՝ այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

Լ. Ենգիբարյանը ծաղրածուին ազատեց ընդհանրական կերպար հասկացությունից և տվեց նրան անհատականություն: Նա ծաղրածուական արվեստ բերեց նոր մտածելակերպ, որով ծաղրածուն արդեն արվեստի երևույթ էր: Լ. Ենգիբարյանը էլի ավանդական ծիծաղն էր բաժանում մարդկանց, սակայն արդեն որպես արվեստագետ, որպես խորհող ու փիլիսոփայող անհատ, որը խոսում է ժամանակի ու ճշմարտության անունից:
Մեծանուն արտիստը տագնապելու, խորհելու ու ժամանակակցի հետ, դրա համար ձգտում էր առանձնացման: Պատահական չէ, որ ինքն էր գրում իր սցենարները, ինքն էր բեմադրում և ինքն էլ կատարողն էր: Արվեստի դպրոցը, որին դավանում էր նա, կյանքն էր:

«Առանց որևէ իզմի, թեքման կամ տատանման… Կկանգնես ձեռքերիդ վրա, հաց կուտես»,- գրել է նա «Ստեղծագործելու ընդունակություն» մանրաքանդակում:

Լ. Ենգիբարյանը հաղորդակցվում էր մարդկանց հետ խելամիտ ու ընդգրկուն, որի համար նրա մասին չեխ նշանավոր արտիստ Միրոսլավ Հորնիչեկն ասել է. «Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»: Գրեթե նույնը, ինչ անզուգական Գասպար Դեբյուրոյի տագնապագիրն է. «Աստ հանգչի նա, ով ասաց ամեն բան` չարտասանելով ոչ մի բառ»:

Ենգիբարյան-արվեստագետը գտնում էր, որ ծաղրածու-մնջախաղացը դառնում է մի երևույթ, որը թատերարվեստում առավել դժվարին ու ինքնատիպ խոսք է ասելու. չարի ու բարու, լույսի ու ստվերի, ժամանակի ու խղճի մասին` նոր ձևով, նոր լեզվով:

Լ. Ենգիբարյանը ստեղծեց մնջախաղի էստրադային թատրոն, որտեղ խաղացել է իր հեղինակած «Աստղային անձրև» և «Ծաղրածուի տարօրինակությունները» ներկայացումները: Բազմաշերտ հանդիսատեսին հոգեհարազատ էր Լ. Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորահավաք», «Քայլեր», «Մանկական կյանքը», «Հովանոց», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ», «Օլիմպիական մեդալներ» և այլ մտահղացումներ և ինքնուրույն բեմադրությամբ մանրապատումներ:

Երեք քաղաք կար, որ Լ. Ենգիբարյանին առավել սիրում էին` Երևան, Մոսկվա և Պրահա: Այս երախտապարտ քաղաքներն էլ նրա մասին ֆիլմեր նկարահանեցին`«Ծաղրածուն հրաժեշտ է տալիս Պրահային», «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «2-Լեոնիդ-2», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարյանն է»: Լ. Ենգիբարյանի համար կրկեսը հարազատ հարկ էր, արտիստները` տան անդամներ: Նրա կյանքը մշտապես ձուլված էր այս հավերժ նոր ու հավերժ երիտասարդ արվեստին:
Աշխարհի շատ բեմեր նվաճած արտիստի ելույթներին արվեստասերները միշտ էլ անհամբերությամբ էին սպասում և լարված հետևում էին նրա «խաղին», գիտեին, որ հաղորդակցվելու են Ենգիբարյանի բարձր արվեստին, գիտեին, որ նրա յուրաքանչյուր կատարում ուներ ասելիք, մտքի թռիչք, մտորելու և խորհելու առիթ, ինքնատիպ ու դժվարին կատարում, որ միայն իրենն էր` հագեցած Ենգիբարյանական ճշմարիտ ու հավաստի արվեստով: Մտահղացումներով լի հետաքրքիր ու դժվարին շատ կատարումներ մինչև օրս մնացին չգերազանցված, մնացին` Ենգիբարյանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:
Մեծ դերասանի մահը շատերի համար մնաց առեղծված (1972թ. հուլիսի 25): Իր խաղընկեր Ալբերտ Մինասյանը հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. առավոտյան մայրը մտնում է որդու սենյակը` արթնացնելու… Իր արվեստի նման լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ արտիստը:

Ցավոք, Լ. Ենգիբարյանն ավելի շատ մտահղացումներ տարավ իր հետ, քան արեց կենդանության ժամանակ: Կյանքից հեռացավ, երբ ապրում էր ստեղծագործական բուռն զարգացման ու վերելքի ծրջանը: Ափսոս, նրա «ջութակը» վաղաժամ կոտրվեց. բայց ամոքվենք նրանով, որ մեծ հայորդու ջութակի ձայնը դեռ լսվում է:...

Ամեն տարի մարտի 15-ին հայ ժողովուրդը /ոչ միայն Հայաստանում/ նշում են նրա ծննդյան օրը, որը մեծարանքի, հարգանքի ու սիրո տուրք էր Լեոնիդ Ենգիբարյանի պայճառ հիշատակին: