Բավ է պառակտվել
12-10-2015 10:23

«Մանկական եվրատեսիլի» հայ մասնակցի տեսահոլովակը օր օրի հայտնի է դառնում

«Մանկական եվրատեսիլ 2015»-ի հայ մասնակից Միկայի (Միքայել Վարոսյան) «Love» (Սեր) երգը մեկ օրում ավելի քան 40 հազար դիտում է ունեցել Youtube-ում: Ընդ որում, երգը ներկայացվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում միայն նախօրեին, սակայն մեկ օրում Միկայի զգացմունքային երգն ահռելի քանակությամբ հիացական արձագանքներ է ստացել: Միկան ներկայանում է մերօրյա կուպիդոնի կերպարով, ով նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոքնռոլ ժանրի երգով: Մրցութային «Love» երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո և երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, և իր աշխատակիցները մշակում և կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն և ուշադրություն է պահանջում, իսկ կարևորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին: 12-ամյա երգչի վոկալային տվյալները տպավորիչ են, քանի որ այդքան պատանի հասակում նա արդեն լավ տիրապետում է ձայնին և, անկասկած, արտիստական հմայք ունի: Դրանք հենց այն որակներ են, որոնք պետք է ունենա «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի մասնակիցը, որը ցանկանում է արժանի տեղ զբաղեցնել: Youtube-ի ալիքում Միկայի երգի տեսահոլովակի մասին տարբեր երկրների օգտատերերի հիացական մեկնաբանությունները հաստատում են վերոնշյալը: Երգի պրեմիերան տեղի է ունեցել շաբաթ օրը ՀՀՀ եթերում: Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը: Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից և բավականին մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ — 2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին և կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել հայտնի արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը: