Բավ է պառակտվել
31-08-2015 16:45

«Հայֆիլմ» կինոստուդիան կվերադարձվի կառավարությանը

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, կվերադարձվի ՀՀ կառավարությանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուշադիր լինել, որպեսզի ընդունման ու հանձնման գործընթացները թափանցիկ լինեն։ Նախագծի հիմնավորման համաձայն, ընթացիկ տարվա մարտի 31-ին ՀՀ վարչապետին է դիմել «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խ. Ցոկոլակյանը, հայտնելով, որ համաձայն ՀՀ և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած պայմանագրի, ընկերության կողմից իրականցվել են պայմանագրով պահանջվող ներդրումները: Մասնավորապես, մեծ ներդրումներ են կատարվել ֆիլմադարանի թվայնացման աշխատանքներում, և, լիազորված լինելով ընկերության բաժնետերերի կողմից, Ցոկոլակյանն առաջարկել է Հայֆիլմի բաժնետոմսերը ետ վերադարձնել պետությանը՝ խնդրելով ՀՀ կառավարությանը լուծել ՀՀ-ի և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած պայմանագիրը` Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքն օտարելու մասին, փոխհատուցել Հայֆիլմի բաժնետերերին՝ ընկերությունում իրականացված սկզբնական ներդրումների չափով, ինչպես նախատեսված է պայմանագրով, նշելով, որ Հայֆիլմի բաժնետոմսերի այդպիսի փոխանցումը ՀՀ կառավարությանը կհանգեցնի բոլոր լիցենզիաների և ոչ նյութական ակտիվների փոխանցմանը իրավասու պետական մարմիններին: Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին հանձնված թատերական դեկորացիաների (կինոբեմադրական միջոցների) և տեխնիկական միջոցների ուսումնասիրություն, որի վերաբերյալ կազմվել են եզրակացություններ: Ըստ ներկայացված եզրակացությունների՝ թատերական դեկորացիաները (կանանց և տղամարդկանց զգեստապահարանը (զգեստները)) մաշված, քրքրված են և օգտագործման համար պիտանի չեն, կահույքը հիմնականում կոտրված, մասնատված է, բեմական, բեմադրական պահեստից՝ 142 անուն (1092 հատ) կինոբեմադրական միջոցներից (ռեկվիզիտներից) առկա չեն 35 անուն (165 հատ) կինոբեմադրական միջոցներ: