Բավ է պառակտվել
04-10-2016 12:47

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Փարիզում իր վրա կատարված հարձակման մանրամասները

Հայտնի են դարձել ցուցմունքների մանրամասները, որոնք Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ոստիկաններին Փարիզում կատարված աղմկահարույց գողության կապակցությամբ։

Այժմ Քարդաշյանն արդեն տանն է` ԱՄՆ-ում` իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի և թիկնապահների «զորագնդի» պաշտպանության ներքո: 

Քարդաշյանը գրեթե ուշքի է եկել շոկային վիճակից և կարողացել է ցուցմունքներ տալ իրավապահ մարմիններին: Նրա խոսքով, հարձակման ժամանակ նա ամենից շատ վախենում էր, որ իրեն կբռնաբարեն:

Փարիզում Քիմը կանգ էր առել «Hôtel de Pourtalès» էլիտար հյուրանոցում, որը հին առանձնատուն է Փարիզի կենտրոնում: Տասը տարի առաջ այն դարձել է լյուքս դասի հյուրանոց` հարուստների և հանրաճանաչների համար: Փարիզ այցելությունների ժամանակ աստղը միշտ օթևանում է այդ հյուրանոցում` օրական 4000 եվրո արժողությամբ համարում: Գողության պահին Քարդաշյանը քնած է եղել իր երկհարկանի համարի երկրորդ հարկում:

«Ես արթնացա աստիճաններից եկող ոտնաձայներից, - պատմել է Քիմը ոստիկաններին։ «Ապակյա դռան միջից երկու տղամարդ տեսա: Վեր թռա անկողնուց և փորձեցի բջջայինով զանգահարել իմ թիկնապահին: Սակայն վայրկյաններ անց գողերն արդեն ներխուժեցին իմ սենյակ: Մեկը դիմակով էր, մյուսը` ոստիկանի գլխարկով: Նրանք ձեռքիցս խլեցին բջջային հեռախոսը»:

Քարդաշյանի խոսքով, այդ պահին նրա հագին միայն բարակ ժանեկազարդ շապիկ էր, և, ճանաչելով Քիմին, կարելի է չկասկածել, որ այն թափանցիկ էր:

Քարդաշյանի խոսքով, նա այդ պահին շատ վախեցավ` մտածելով, որ իրեն կարող է բռնաբարեն։ Գողերը նրա ձեռքերը կապել են պլաստիկից պատրաստված ձեռնաշղթաներով, իսկ դաստակները` սկոտչով։

Գողերից մեկը բռնել է նրա ոտքերը, և ինչպես պատմել է Քիմը ոստիկանությանը, հենց այդ պահին նա մտածել է, որ իրեն պատրաստվում են բռնաբարել: Սակայն դրա փոխարեն չարագործները կապել են նրա ոտքերը, տարել լոգասենյակ և փակել:

Մինչ գողերը տակնուվրա էին անում սենյակը, Քիմը լոգասենյակից խնդրում էր, որ իրեն չսպանեն` չէ՞ որ նա երկու երեխա ունի: Քարդաշյանը տղամարդկանց ասել է, որ նրանք կարող են վերցնել ցանկացած իր, գումար և թանկարժեք զարդեր։ Աստղի խոսքով, հարձակվողներն անգլերեն չէին խոսում, միայն ֆրանսերեն: Նա միայն մեկ բառ է հասկացել, որը նրանք կրկնում էին` «մատանի»: Գողերն ի նկատի ունեին հսկայական ադամանդով 4 միլիոն արժողությամբ մատանին, որը Քանյե Ուեսթը վերջերս էր նվիրել կնոջը: Քարդաշյանն ասել է, որ մատանին սենյակում է, և նրանք կարող են այն վերցնել: Դրանից հետո տղամարդիկ սկոտչով փակել են Քիմի բերանը:

Բացի մատանիից, հանցագործները գողացել են նաև թանկարժեք իրերով զարդատուփը: Գողերն ընդհանուր առմամբ հափշտակել են 10 միլիոն դոլարի զարդեղեն: Բացի այդ, գողացել են Քարդաշյանի երկու հեռախոսները, այնպես որ կարելի է չկասկածել, որ շուտով համացանցում կհայտնվեն աստղի ինտիմ լուսանկարները:

Այս ամենը տևել է ընդամենը 6 րոպե: Քիմին փրկել է նրա օգնական Սիմոնը, ով քնած է եղել համարի առաջին հարկում: Աղմուկ լսելով` նա փակվել է լոգասենյակում և ոստիկանություն կանչել: Իսկ թիկնապահին գողերը այնպես են հարվածել, որ նա ուշագնաց է եղել, ինչից հետո կապել են: Հենց այդ պատճառով նրանք հեշտությամբ կարողացել են մտնել Քիմի համարը: