Բավ է պառակտվել
06-12-2016 10:35

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի հայցը՝ ՄԻԵԴ-ում

Թուրքիայի Սահմանադրական դատարանում Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի մասին հայցի մերժվելուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը:

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում պետք է տեղի ունենա մամլո ասուլիս, որին կմասնակցեն նաև Սիսի գործով դատին մաս կազմած դատական մարմնի անդամները։

«Սիրելի ժողովուրդ, հայոց այս դատը միայն Անթիլիասի դատը չէ, այլ հայ ժողովրդի դատն է, և մենք այս գիտակցությամբ ենք ճամփա ընկել ու պիտի շարունակենք այս իրավական ընթացքը։ Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը և ազգային բոլոր կազմակերպություններով ու մարմիններով իրավական դաշտ մուտք գործենք։ Մենք պահանջատեր ժողովուրդ ենք», -հայտարարել է Արամ Ա. Կաթողիկոսը։

Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի ՍԴ-ն, սակայն մերժել էր հայցը, և ինչպես ծրագրվել էր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը շարժվում է դեպի Եվրոպական դատարան։

Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց ցեղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար:

Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։