Բավ է պառակտվել
23-11-2016 12:53

Քիմ Քարդաշյանը երեխաների հետ տեղափոխվել է մոր մոտ

Քիմը նոր էր կազդուրվել Փարիզում տեղի ունեցած գողությունից հետո, երբ նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, հայտնվեց հիվանդանոցում։ Քանյեին հոսպիտալացրել են նյարդային խանգարումից հետո։ Նրան ձեռնաշղթաներով տեղափոխել են հոգեբուժարան։

Ականատեսների խոսքերով, Քանյեն հունից դուրս է եկել իր անձնական մարզչի տանը գտնվող մարզասրահում։ Երգիչը հարձակվել է սպասարկող անձնակազմի վրա, և մարզասրահի սեփականատերը զանգել է Ուեսթի հոգեբույժին։ Զննելով Քանյեին` բժիշկ Մայքլ Ֆարզամը հոգեբուժական օգնություն է կանչել և զգուշացրել է, որ հիվանդը կարող է հարձակվել բժիշկների վրա, երբ նրանք կփորձեն երգչին տեղափոխել հոգեբուժարան։ Քանյեն իսկապես դիմադրել է, և բժիշկները նրան ձեռնաշղթաներ են հագցրել։

Այժմ Ուեսթը գտնվում է Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում, որտեղ պետք է հոգեբուժական հետազոտություն անցնի։ Պաշտոնական վարկածով, ռեփերը հոսպիտալացվել է գերհոգնածության և նյարդային համակարգի հյուծման ախտանիշներով։ Սակայն արտիստին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Քանյեն իրեն խելագարի պես է պահել։ Նրա մոտ հալյուցինացիաներ են սկսվել մարզչի տանը, նա նշել է, որ իրեն ցանկանում են սպանել։

Այդ ժամանակ Քիմը քույրերի և մոր հետ Նյու Յորքում է եղել` բարեգործական միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Նախատեսվում էր, որ նա առաջին անգամ կհայտնվի հասարակության առաջ Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո։

Սակայն տեղեկանալով ամուսնու հետ կատարվածի մասին` Քիմն անձնական ինքնաթիռով ժամանել է Լոս Անջելես։ Քիմի մայրը` Քրիս Ջենները և նրա քույրերը մասնակցել են միջոցառմանը։ Ականատեսների խոսքերով, զուգարանում Քրիսը վրդովված ասել է աղջիկներին, – «Պետք է հիանալի երեկո լիներ, սակայն Քանյեն կրկին ամեն ինչ փչացրեց»։

Քրիսն ուներ փեսայի վրա բարկանալու բոլոր հիմքերը։ Պարզվում է, որ Քիմն արդեն մի ամիս է, ինչ հեռացել է տնից։ Երբ ամուսինը մեկնել է համերգային շրջագայության, Քարդաշյանը հավաքել է իրերը և երեխաների հետ տեղափոխվել մոր մոտ։ Քիմն այժմ ապրում է Լոս Անջելեսի արվարձանում` Hidden Hills փակ թաղամասում գտնվող մոր առանձնատանը։ Hidden Hills–ում է նաև բնակվում Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո։

Նշվում է, որ Քարդաշյանն իբր վախեցել է մնալ իրենց տանը միայնակ։ Քիմը շատ ծանր վիճակում է եղել Փարիզի գողությունից հետո, և կազդուրվելու համար նրան երկար ժամանակ է պահանջվել։ Սակայն, աղբյուրների պնդմամբ, իրականում Քիմի համբերության «բաժակը լցվել է» ամուսնու վարքագծի և նրա հիստերիաների պատճառով։ Վերջին շրջանում Ուեսթն ու Քարդաշյանը հաճախ էին վիճում, և Քիմը որոշել է թայմ–աութ վերցնել մինչ ամուսինը խելքի կգա և կսկսի իրեն պահել տղամարդու նման։

Միաժամանակ նշվում է, որ Ուեթսի հոսպիտալացումից առաջ բազմաթիվ «ահազանգեր են» եղել, որոնք վկայում էին նրա հոգեկան անկայունության մասին։ Հոսպիտալացումից երկու օր առաջ Քանյեն ձախողել է Սակրամենտոյում նախատեսված համերգը։ Նա բեմ է դուրս եկել և երգելու փոխարեն սկսել է վատաբանել Բեյոնսեին և նրա ամուսնուն` Jay-Z–ին։ Հանդիսատեսը սկսել է սուլել, և Քանյեն կես ժամ հետո հեռացել է բեմից։ Դրանից հետո Քանյեն առանց պատճառի չեղարկել է իր համերգային շրջագայությունը, որը ներառել է 21 համերգ։ Եվ, վերջապես, հոսպիտալացումից մեկ օր առաջ Քանյեն Instagram–ի իր էջում հրապարակել է հագուստ և կոշիկների 99 տարօրինակ լուսանկարներ, որոնք միանգամից վկայում են արտիստի ոչ ադեկվատ հոգեվիճակի մասին։

Մտերիմների խոսքերով, Քանյեի նյարդային պոռթկումը կարող է խորը անձնական պատճառներ ունենալ։ Նրա մայրը մահացել է 2007 թ.–ի նոյեմբերին, և դրանից հետո արտիստն ամեն տարի նոյեմբերին ծանր վիճակի մեջ է հայտնվում։ Քանյեի մայրը` Դոնդա Ուեսթը, մահացել է պլաստիկ վիրահատության ժամանակ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին հոկտեմբերին 2–ին կողոպտել են Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում։ Դիմակավորված երկու անձինք փակել են աստղին լոգասենյակում և գողացել Քիմի բոլոր զարդերը։ Աստղի խոսքով, այդ պահին նա ամենից շատ վախենում էր, որ իրեն կարող են բռնաբարել։

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թ.–ի մայիսի 24–ին երկու տարի տևած հարաբերություններից հետո։ Զույգը երկու երեխա ունի` 3 տարեկան Նորթն ու 11 ամսական Սեյնթը։