Բավ է պառակտվել
14-05-2016 15:31

«Եվրատեսիլ-2016». Ղարաբաղի դրոշի վերաբերյալ խաղադրույքներ չեն արվում

Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլում Ղարաբաղի դրոշը ծածանել-չծածանելու վերաբերյալ խաղադրույքներ չեն ընդունում

«Եվրատեսիլ» մրցույթի ընթացքում Հայաստանում ամենաքննարկված թեման, թերևս, Իվետա Մուկուչյանի ձեռքում պահված ԼՂՀ դրոշն է, դրա շուրջ բարձրացած աղմուկն ու հարցը՝ կկրկնի արդյո՞ք Հայաստանի պատվիրակությունն իր այդ քայլը եզրափակիչ փուլում։

Հայաստանյան բուքմեյքերներն այս ամենաքննարկվող ու վիճելի հարցի վերաբերյալ, պարզվում է, խաղադրույքներ չեն ընդունում։ Ինչպես հայտնեցին բուքմեյքերական գրասենյակներից, երաժշտական և սպորտային իրադարձությունների վերաբերյալ դրուքներ ընդունվում են միայն այն հարցերի վերաբերյալ, որոնց մասին «հնարավոր կլինի պաշտոնական տվյալներ ներկայացնել»։
«Մենք չենք կարող հիմք համարել այն, ինչ այս պահին տեսնում ենք հեռուստաեթերում»,֊ նշեց մեր զրուցակիցը։
Ի դեպ, մեզ նաև հայտնեցին, որ դրոշի մասին խաղադրույք կատարել ու ցանկություն հայտնողներ չեն էլ եղել։ Փոխարենը ակտիվորեն խաղադրույքներ են արվում այս կամ այն երկրի մասնակցի հաղթանակի, առաջին հնգյակի հավանական կազմի վերաբերյալ։ Կան նաև միքսային տարբերակներ՝ կհաղթի այս և կպարտվի այն երկիրը։
Հիշեցնենք՝ Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել էր ԼՂՀ դրոշի ծածանումը «Եվրատեսիլ» մրցույթում՝ սպառնալով կրկնության դեպքում որակազրկել Հայաստանի մասնակցին ու արգելել մեր երկրին առաջիկա տարիներին մասնակցել մրցույթին։