28-11-2016 09:56

Կանադական քառյակը համերգ և վարպետության դասեր կունենա Երևանում

«Մոլինարի» խումբը ստանձնել է 20 և 21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը:

Հայաստանում նոյեմբերի 29-30-ը կկայանան կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգները, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։ Առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այնուհետև նոյեմբերի 30-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում: Հայաստանի շնորհալի երաժիշտ-կատարողների համար քառյակի երաժիշտները կանցկացնեն վարպետության դասեր. նոյեմբերիի 29-ին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ նոյեմբերիի 30-ին` Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Համերգների ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործությունները: Նույն օրերին կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը, ով նաև կանադական կողմի ծրագրի համակարգողն է, կհանդիպի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների հետ:

«Մոլինարի» լարային քառյակը ստեղծվել է 1997 թվականին: Խումբը ստանձնել է 20-րդ և 21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը: Բազմաթիվ մրցանակների արժանացած անվանի քառյակի կազմում են ջութակահարներ Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը: Համերգները կանցկացվեն ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ։