10-10-2017 13:08

«Ես ցնցված եմ...» . Ջոն Մալկովիչը Հայոց ցեղասպանության մասին (Լուսանկարներ)

 

Ամերիկյան դերասան, հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Դերասանը հարգել է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
« Սա շատ ցավոտ ողբերգություն է: Ինչ դաժանություններ կարող են անել մարդիկ: Սա շատ ցավոտ դաս է մարդկանց համար, որը ստիպում է մտորել»,- ասել է Մալկովիչը լրագրողներին:
Նա այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է 1915թ. ողբերգական իրադարձությունների պատմությանը:
« Ես ցնցված եմ, մանավանդ երեխաների հանդեպ գործած վայրագություններով...: Եվ դա այն պարագայում, երբ իմ տարիքի մարդուն դժվար է ինչ-որ բանով ցնցել»,- հայտարարել է դերասանը:
Մալկովիչը նաև գրություն է թողել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում.


« Սա ցավոտ դաս է»,- գրել է նա:
Հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչը Երևանում է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, որը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին: Դերասանը մեկ բեմում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: