11-05-2016 10:15

Իվետա Մուկուչյանը մեկնաբանել է ԼՂՀ դրոշի ծածանումը (տեսանյութեր)

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 10-ին կայացել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը՝ կատարելով LoveWave երգը։
Քվեարկության ընթացքում մեր մասնակիցը Հայաստանի դրոշների կողքին հաղթականորեն ծածանել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

Առաջին կիսաեզրափակիչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ լրագրողներից մեկը խնդրել է Իվետային մեկնաբանել իր քայլը, ինչին ի պատասխան մեր ներկայացուցիչն ասել է, որ ինքն «ուղղակի ուզում է, որ սահմաններին խաղաղություն տիրի»։

Աղբյուրը հավելում է, որ հայ պատվիրակի կողմից ԼՂ դրոշի ծածանմանն անդրադարձել է նաև ներկա եղած մի ադրբեջանցի լրագրող` կոչ անելով մրցույթի հանձնաժողովին լուրջ քայլեր ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ։

Մինչդեռ «Եվրատեսիլ-2016»-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան հրաժարվել է մեկնաբանել ԼՂ դրոշի հետ կապված միջադեպը` ասելով, որ «սա երգի մրցույթ է»։

Հիշեցնենք, որ երեկվա քվեարկության արդյունքում եզրափակիչում են հայտնվել հետևյալ երկրները` Ադրբեջան, Ռուսաստան, Նիդեռլանդներ, Հունգարիա, Խորվաթիա, Ավստրիա, Հայաստան, Չեխիա, Կիպրոս, Մալթա: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին: