24-09-2014 10:57

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է հայկական եկեղեցու պայթեցումը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը:
ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ ասվում է. «Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արեւելքի հարուստ կրոնական եւ մշակութային ժառանգության հանդեպ:
Ինչպես պետքարտուղար Քերրին նշել է, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ եւ հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»: