Բավ է պառակտվել
14-01-2015 14:37

«Հարրի Փոթթերին» կվերատպագրեն գոթական նկարազարդմամբ

Շուտով լույս կտեսնի բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» վեպի նոր տարբերակը նկարիչ Ջիմ Քեյի նկարազարդմամբ: Նկարները պատկերված են մռայլ գոթական ոճով Հոգվարթս կախարդանքի դպրոցի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: Առաջին գրքերը վաճառքի կհանվեն 2015 թվականի հոկտեմբերի 6-ից: Իր աշխատանքները ստեղծելիս Քեյը որպես հիմք էր ընդունել ոչ թե Ռոուլինգի վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմերը, այլ գրական սկզբնաղբյուրը: Այսպես օրինակ՝ նկարչի կատարմամբ Ռոն Ուիզլիի կերպարը ստացել է մեծ դեմք և երկար քիթ, ինչպես նկարագրված է գրքերում: Հսկա Հագրիդը պատկերված է մի մռայլ սենյակում, իսկ Հերմիոնա Գրեյնջերը, ինչպես նկարագրված է վեպում, աչքի է ընկնում չափազանց խիտ ծամերով:

Նկարիչը նշել է, որ չափազանց ուրախ է ամենահայտնի մանկական հեքիաթի նկարազարդումները ստեղծելու այդ հնարավորության կապակցությամբ: 2012 թվականին Քեյը արժանացել է Քեյթ Գրինուէյի անվան մասնագիտական մրցանակին Պատրիկ Նեսսի «Հրեշի ձայնը» գրքի նկարազարդման համար:
«Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1997 թվականին: Ավելի ուշ տպագրվել է ևս վեց գիրք դեռատի կախարդի մասին: Այս բոլոր վեպերը, որպես կանոն, չեն նկարազարդվել: Միայն ամերիկյան Scholastic տպագրություն է թողարկել այդ ստեղծագործությունը Մերի Գրանդփրեի կատարմամբ նկարազարդումը: