Բավ է պառակտվել
20-03-2014 13:15

88-ի երկրաշարժից հետո Գյումրին ՛՛խելքի չի գալիս՛՛

Գյումրիում 88-ի երկրաշարժից հետո մշակութային շատ օջախներ մնացել են ավերված: Լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Շիրակ հայրենակցական միավորում՛՛ ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանը նշեց, որ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերկառուցման նպատակով կազմակերպվում է ժամանակակից հայ կերպարվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:  Ըստ նրա, աղետը մեծ ավերածություններ է հացրել նաև մշակութային օջախներին: ՛՛Քառորդ դար անց հայտնաբերեցինք, որ մոռացության է մատնված հարուստ ավանդույթներ ունեցող դպրոցի վերականգնումը: Մենք և շիրակցի նկարիչները, ովքեր հանրաճանաչ են ու ավարտել են այդ դպրոցը, որոշել ենք բարձրացնել հարցը: Մեր խնդիրն էր, որ հարցը բարձրացվի, որով կզբաղվեն և տեղական իշխանությունները, և հանրապետական իշխանությունները, բարեգործների հետաքրքրության առարկա լինի»:

Արդեն մեկ բարեգործական ցուցահանդես վաճառք կազմակերպվել է: Երկրորդը կլինի Ազգային ժողովի ցուցասրահում: «Սա սովորական ցուցահանդես-վաճառք չպետք է դիտվի, խնդիրը այսպիսով նաև օրենսդիր մարմնում ենք բարձրացնում»,- ասաց նա՝ հավելելով, որ մարտի 24-ին կբացվի ցուցահանդեսը և կտևի մեկ շաբաթ: Գեղանկարիչ Սամվել Սևադան ևս միացել է այս նախաձեռնությանը. «Ես որպես գյումրեցի նկարիչ, մի մարդ, ով իսկապես ցավում է դպրոցի կորստի համար, որոշեցի աջակցել: Երկար տարիներ է, որ երկրաշարժից հետո ԱՄՆ էի տեղափոխվել, Լոս Անջելեսում դպրոց էի ստեղծել, երկու տարի անց որոշեցինք օգնել Գյումրիի դպրոցին: ԱՄՆ-ում իմ աշակերտների հետ ցուցահանդես-վաճառք կազմակերպեցինք և ուղարկեցինք դպրոցին: Հետո Գյումրիում էլ ցուցահանդես ունեցանք:՛՛ : Վարազդատ Ավոյանի խոսքով, մարզպետը և քաղաքապետը համաձայնություն են տվել, որ նոր շենք պետք է հատկացվի. «Այս պահին միայն խոստումներ են տրվել, ոչինչ արված չէ: Որոշեցինք սայլը շարժել տեղից ու ցուցահանդես կազմակերպել ԱԺ-ում: Հույս ունենք, որ գործարար պատգամավորները տեղից կշարժվեն: Մենք հիմա ցանկանում ենք այս գումարով գոնե կահավորել դպրոցը: Նորն ունենալու համար մի շարք միջոցներ են անհրաժեշտ: Մենք փնտրում ենք բարեգործներ, ովքեր կլուծեն հարցը: ՛՛ ,- նշեց Ավոյանը: Նշենք, որ նախորդ ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին 110 հեղինակների գործեր: Այս անգամ հանրաճանաչ հեղինակների մոտ 50 գործ են ներկայացնում: Հայաստանում և արտերկրում նախատեսվում է մի քանի անգամ էլ կազմակերպել նման ցուցահանդես-վաճառք: Այս պահին մոտ 700 հազար դրամ է հավաքվել՝ նախորդ ցուցահանդեսից հետո, ինչը միանշանակ բավական չէ ծառացած խնդիրները լուծելու համար: