Բավ է պառակտվել
15-04-2015 16:06

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված SYSTEM OF A DOWN-ի համերգը՝ Լիոնում

Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake up the souls Tour 2015» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ֆրանսիայում իր միակ համերգով հանդես է եկել աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խումբը:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17000 երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի կոչ էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Սերժ Թանկյանի կողմից երախտիքի ուղերձ է հղվել Ֆրանսիային և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ արդարացի դիրքորոշման համար: Համերգից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Լիոնի 1-ին փոխքաղաքպետ Ժորժ Կեպենեկյանը և այլ պաշտոնատար անձինք հանդիպել են «System of a Down» ռոք-խմբի անդամների հետ:  Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը շնորհակալագիր է հանձնել «SYSTEM OF A DOWN»-ի անդամներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լիոնում աննախադեպ համերգային ծրագրի իրականացման համար