21-02-2014 14:10

Գիրք նվիրելու օրվան մասնակցեցին նաև ոստիկանները

Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2009 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին նաև ոստիկանները. հանրապետության մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների գրադարանները հարստացան նրանց նվիրած գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 12 հազար գիրք նվիրեցին, որից 2500-ը՝ ծերանոցին:
Այդ օրը մայրաքաղաքի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները սպասում էին հյուրերին: «Ոստիկանները միշտ էլ սպասված հյուր են մեր դպրոցում, բայց այս այցն աննախադեպ էր»,- ասում են ուսուցիչներն ու աշակերտները:
Ոստիկանների նվիրած գրքերն իրենց տեղը կզբաղեցնեն նաև թիվ 29 ավագ դպրոցի գրադարանում: «Ոստիկանության հետ մեր սերտ համագործակցությունը նոր չէ, մեր համագործակցությունից շահում է դպրոցը, շահում են երեխաները»,- ասում է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Իսկ դպրոցի տնօրենն ու աշակերտները վկայում են՝ անչափահասները միշտ էլ ոստիկանության ուշադրության և հոգածության կենտրոնում են:
Ոստիկանության ուշադրության և հոգածության կենտրոնում է նաև Նորքի ծերանոցը: Տարեցներն իրենց հյուրերին լավ են ճանաչում, հաճախ արժանանում նրանց հոգատար վերաբերմունքին, հաճելի անակնկալներին: Այս այցից հուզված են. գիրք կարդալ բոլորին է անհրաժեշտ, բայց իրենց տարիքում դա ամենահաճելի զբաղմունքն է՝ ասում են նրանք:
Օրվա խորհուրդը մեծ էր՝ վերադարձ դեպի գիրքը, որ լավագույն ընկեր է և խորհրդատու:
Ոստիկանները նաև այս խորհուրդը տարան դպրոցներ...