21-01-2015 08:45

France 2 հեռուստաալիքը Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ է ցուցադրել

Ֆրանսիական France 2 հեռուստաալիքը  աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ է ցուցադրել: Ինչպես նշված է հեռուստաալիքի կայքում, 1 ժամ 43 րոպե տևողությամբ «Ազնավուր» ֆիլմի հեղինակներն են Մարի Դյուքերը և Դամիեն Վերկամերը: 
Ինչպես նշված է կայքում, Ազնավուրի երգերը, ինչպես, օրինակ, «La Bohème»-ը, «Emmenez-moi»-ն և «Les Plaisirs démodés»-ը, հայտնի են բոլորին և այսուհետ ժառանգության մաս են կազմում, սակայն ինքը՝ Ազնավուրն առեղծված է մնում: 
Ազնավուրը, ով առաջին քայլերը բեմում արել է 9 տարեկանում, տարիներ անց հիշում է իր անցած անհավատալի ճանապարհը: Նա հիշում է իր մանկությունը, երկրում տեղի ունեցող իրադարձություններին իր ծնողների մասնակցությունը: Ազնավուրը, ով իր ողջ կյանքը նվիրել է երաժշտությանը և բեմին, պատմում է սկզբնական շրջանի դժոխքի մասին, երբ ոչ ոք չէր հավատում նրա տաղանդին, այնուհետև իր առաջին հաջողությունների և վերջապես համաշխարհային փառքի մասին: 
Տարիներ շարունակ նա բազմիցս քննադատությունների է ենթարկվել իր ֆիզիկական ցուցանիշների, փոքր հասակի, մեծ քթի և ձայնի պատճառով, ասված է ֆիլմի նկարագրության մեջ: