Բավ է պառակտվել
20-04-2016 08:33

Ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանում

Հայտնի ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանը ապրիլի 19-ին համերգ ունեցավ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում Եվրոպայում մեծ ճանաչում վայելող երգչուհին (մեցցո սոպրանո) առաջին անգամ է հանդես գալիս հայրենիքում: Նրա երկացանկում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են, որոնք նա կատարում է դաշնակահար Արթուր Ավանեսովի նվագակցությամբ: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Կայացավ նաև «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները վոկալի և դաշնամուրի համար» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում ընդգրկվել էին Ռոմանոս Մելիքյանի, Տիգրան Մանսուրյանի և Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Մարիամ Սարգսյանը հայտնի հայ երգչուհի Զառա Դոլուխանի աշակերտուհին ու նրա երգարվեստի հետևորդներից է: Բացի այդ Մարիամն ավարտել է հայտնի «Schola Cantorum»-ն ու Փարիզի «Ecole Normale de Musique» կոնսերվատորիան: Իր արվեստում երգչուհին հատուկ ուշադրություն է դարձնում վոկալի ժամանակակից ձևերի զարգացմանը: 2014 թվականին հայտնի բրիտանական «Gramophone Magazin» մրցույթի ժամանակ Մարիամն արժանացավ «ռոմանսի անկրկնելի վարպետ» կոչմանը: Նա ելույթ է ունենում Եվրոպայի, Ամերիկայի, Իսրայելի հայտնի վոկալ հարթակներում: 2015 թվականին «Académie du Disque Lyrique» ֆրանսիական ակադիեմիան երգչուհուն պարգևատրեց «Ոսկե Օրփեոս» մրցանակով` «Tristesse des choses» («Իրերի կարոտը») ձայնասկավառակի համար: Այսօր Գաֆեսճեան արվեստի կենտրոնում Մարիամ Սարգսյանի, Յուլիանա Միլքիսի ու Արթուր Ավանեսովի մասնակցությամբ կամերային երաժշտության համերգներ են ծրագրված: Համերգի ժամանակ կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Գիա Կանչելիի «Մանրանվագներ կլարնետի ու դաշնամուրի համար՝ կինոյի ու թատրոնի երաժշտություն» գործը: