Forbes.ru-ն անդրադարձել է Հայաստանի տեսարժան վայրերին: Նշենք, որ անդրադարձում կան նաև Վրաստանն ու Ադրբեջանը:
«Ինչո՞ւ մեկնել. տեսնելու աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիները:
Մուտքի արտոնագիր. ՌԴ քաղաքացիներից չի պահանջվում 90-օրյա ժամկետում:
Ինչպես հասնել. ինքնաթիռով (Մոսկվայից մոտ 3 ժամ):
Հայաստանն աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից է. առաջին հավատացյալներն այստեղ հայտնվել են արդեն 1-ին դարում, իսկ 301 թ.-ին, Տրդատ 3-րդի որոշմամբ երկիրն ընդունեց քրիստոնեությունը:
Աշխարհի առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել: Միայն այստեղ է հնարավոր այցելել եկեղեցիներ և վանքեր, որոնց տարիքը գերազանցում է 1000 տարին:
Առաջին վայրը, որ մտաբերում ենք այս երկրի մասին խոսելիս, բիբլիական Արարատն է, որի վրա հանգրվանել է Նոյան տապանը: Սակայն այն Թուրքիայի տարածքում է, և այդ պատճառով էլ դրան հասնելու համար պետք է հատել սահմանը. երկու երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով ավելի լավ է դա անել ինքնաթիռով կամ Վրաստանի տարածքով:
Սակայն Հայաստանում հսկայական քանակությամբ հետաքրիր վայրեր և պատմական հուշարձաններ կան, որոնք ուշադրության են արժանի:
Դրանց թվում է Գառնու հեթանոսական տաճարը, որը գտնվում է Երևանից 27 կմ հեռավորությամբ՝ լեռներում: Տաճարը գտնվում է հրաշալի տեղանքում՝ անդունդի եզրին, որի միջով հոսում է Ազատ գետը:
Գետի հոսանքին հակառակ՝ Գառնու տաճարից 7 կմ հեռու, գտնվում է ևս մեկ հատկանշական պատմական հուշարձան. Գեղարդավանքը:
Գառնու տաճարի հետ Գեղարդը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
Վանական համալիրի մի մասը ժայռափոր է: Այն այժմ էլ գործող եկեղեցի է, և եթե Ձեր բախտը բերի, հնարավոր կլինի արարողության, օրինակ՝ կնունքի ականատես լինել:
Տրամաբանական է Գառնու տաճար և Գեղարդ այցելել մեկ էքսկուրսիայի ընթացքում: Դա կտևի մեկ օր և կարժենա 2.730 ռուբլի՝ մեկ անձի համար: Գնի մեջ մտնում է ճանապարհածախսը, մուտքի տոմսերն ու ռուսախոս էքսկուրսավարի ծառայությունը:
Անպայման պետք է այցելել նաև Էջմիածին՝ Հայ առաքելական եկեղեցու մայր տաճար:
Տաճարի հետ լեգենդ է կապված, համաձայն որի Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգորին դրա կառուցման վայրը հուշել է Հիսուս Քրիստոսը: Էջմիածնի տաճարը տեղակայված է Վաղարշապատ քաղաքում՝ Երևանից 20 կմ հեռավորությամբ: 5 ժամանոց էքսկուրսիան՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ, 3 հոգանոց խմբի համար կարժենա 2.350 ռուբլի»: