12-03-2016 10:14

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը հավակնում է «Նիկա»-ի

Ռուսաստանի կինեմատոգրաֆիկական արվեստի ակադեմիայի «Նիկա» ազգային կինոմրցանակաբաշխության գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված է վեց ռուսական ֆիլմ՝ Աննա Մելիքյանի «Սիրո մասին», Դմիտրի Մեսխիևի «Գումարտակը», Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սևաստոպոլի համար», Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», Վասիլի Սիգարևի «Օզ երկիրը»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախապես ներկայացվել է 122 ժապավեն, նախորդ տարվանից ավելի շատ: «Նիկա»-ի ներկայացվել է 53 խաղարկային ֆիլմ: Փորձագետների խորհրդում ընդգրկված է 592 մարդ:

«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում ներկայացված է Աննա Մելիքյան «Սիրիո մասին», Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը», Ալեքսեյ Գերման-կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ», Վասիլի Սիգարևի «Օզ երկիրը» ֆիլմերը:

Մրցանակներ կտրվեն նաև «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարի հեղինակ» և այլ անվանակարգերում: «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են ֆիլմեր Էստոնիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Լիտվայից:

Մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 1-ին:

Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել, իսկ այս տարի «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ»-ը: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և ուրիշներ: