05-11-2016 13:16

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը

ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը նոյեմբերի 5-9-ը Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնը ստացել է 865 հայտ. փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրներից: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի ընթացում ժյուրիի կազմի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, այսպիսով` ժյուրիի կազմում աշխատելու են բացառապես երեխաներ և երիտասարդներ. «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորներ:

«Ռոլան» փառատոնը կրկին երիտասարդների միջև հանդես կգա որպես մշակութային երկխոսության միջազգային հարթակ: ՀՀ համայնքներում ապրող երեխաների և երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով էլ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ապարանում, Ալավերդիում, Գավառում, Ճամբարակում, Թեղուտում, Շնողում, Դաստակերտում, ինչպես նաև Արցախում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ արտերկրից ժամանած հյուրերի հետ:

Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև` ստեղծագործական երեկոն` նվիրված ռեժիսոր-մուլտիպլիկատորի ծննդյան 75-ամյակին:

Ավանդույթը չխախտելով կյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը` ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ: