06-05-2016 16:48

Եվրատեսիլ 2016. Արցախի դրոշն այլևս արգելված չէ

Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի որոշել են մեղմացնել դրոշների քաղաքականությունը։ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՄՀ) նոր հայտարարություն է տարածել Facebook-յան պաշտոնական էջում` նշելով.

«Տարբեր պատվիրակությունների հետ տեւական քննարկումներից հետո Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչները համաձայնեցին մեղմել դրոշների քաղաքականությունը եւ ի թիվս ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաեւ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշների՝ ազգային, տարածաշրջանային եւ լոկալ դրոշները նույնպես թույլատրված են»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության վերջում ԵՀՄ-ը կոչ է արել ավելի հանդուրժող լինել եւ հիշել մրցույթի ոչ քաղաքական բնույթի մասին եւ միտումնավոր չփորձել խոչընդոտել տեսախցիկների աշխատանքը։

Հիշեցնենք, ավելի վաղ նույն Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել էր արգելված դրոշների ցանկ, որոնց թվում էր նաեւ Արցախի Հանրապետության, Պաղեստինի, Ղրիմի ու Բասկերի երկրի դրոշը։ Այնուհետեւ ԵՀՄ-ը հեռացրել էր արգելված դրոշների մասին հաղորդագրությունը՝ տեղեկացնելով, որ վերջնական որոշումը կլինի ավելի ուշ։