24-05-2016 13:41

Եվրատեսիլ 2016-ը դիտել են ավելի քան 200 միլիոն հեռուստադիտող

«Եվրատեսիլ 2016»-ի կազմակերպիչները սկսել են ամփոփել մրցույթի այս տարվա գրանցած ցուցանիշները։ Այս անգամ «Եվրատեսիլը» գրավել է ավելի քան 200 միլիոն հեռուստադիտողի, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։ Մայիսի 10, 12 և 14-ին անցկացված կիսաեզրափակիչ փուլերի և եզրափակիչի ուղիղ հեռարձակմանը հետևել են մոտ 204 միլիոն մարդ՝ 5 միլիոնով ավելի, քան 2015-ին։
«Մենք անչափ հուզված ենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը շարունակում է ընդլայնել իր հանդիսատեսը եւ այս անգամ հասել է մոտ 200 միլիոնի։ 60 տարի անց մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այս մրցույթը դեռ չի կորցրել աշխարհի տարբեր ծայրերից հեռուստադիտողներին միավորելու ուժը»,- նշել է մրցույթի գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։ 534 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան (Սուսանա Ջամալադինովա)։