03-07-2014 21:58

Գառնի, Զվարթնոց, Աֆրիկյաններ. Հայաստանի մշակութային ՛՛խայտառակությունները՛՛. տեսանյութ. լուսանկարներ

Հունիսի 7-ին Զվարթնոցի տաճարում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված է, որը շատ արագ լայն տարածքում ստացավ համացանցում: Զվարթնոց, հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանը, 700 հազար դրամի դիմաց դարձավ քեֆ ուրախությունների և դիսկոտեկի հարմարավետ վայր: Հիշեցնենք, որ 1989 թ-ին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին ավելի վաղ ասել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը։ Նշենք, որ հունիսի 18-ին էլ Գառնու տաճարաի հարակաից տարածքում հայտնի կազմակերպություններից մեկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել և այսպես ասած տաճարի մուտքը փակվել էր բոլորի համար, անգամ զբոսաշրջիկների: Ինչպե՞ս կարելի որակել այս քայլերը, եթե այն թույլատրվում էօրենքով, սակայն բարոյական տեսանկյունից դիտարկելով, հասարակության շրջանում բացասական արձագանքների արժանացավ:

News.gisher.ru-ի հետ զրույցում Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ Հայաստանում կարծես սովորական երևույթ է դարձել մշակութային արժեքների և պատմամշակութային ժառանգության նկատմամաբ անհարգալից վերաբերմունքը: Երևան քաղաքն օր օրի ծաղկում է, բայց ոչ թե կանաչապատ տարածքներով, այլ շինություններով: Էլիտար շենքերը կառուցվում են հին Երևանի կոլորիտային հատվածներում, այսպիսով ստվերում թոնելով երբեմնի բարձր արժեք հանդիսացող շինությունները: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշում է, որ Երևանի ճարտարապետությունը իր հմայքը կորցրել է դեռևս Ալեքսանդր Թամանյանի օրոք: Նորը կառուցվեց հնի վրա, ինչն անթույլատրելի էր:

Իսկ ահա նախկինում իր ամբողջական տեսքով ու հմայնքով Տերյան 11 հասցեում գտնվող էր Աֆրիկյանների ակումբը , այն կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Վերջիններս եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել տարբեր գործարաններ, ձեռնարկություններ և լուրջ ներդրում կատարել քաղաքի պատմության մեջ։ Աֆրիկյան եղբայրների ջանքերով 1911թ. Երևանն առաջին անգամ ապահովվեց խմելու ջրով:Իսկ այսօր շենքը դարձել է խանգարող շինություն, հավանաբար մի էլիտար երկնաքեր է պատրաստվում իր ժամանակակից հմայքով լրացնել հին հպարտության տեղը: Քանդվում է, իբր մեկ այլ վայրում վերակառուցվելու նպատակով, սակայն փորձը ցույց է տվել, որ Երևանում բազմիցս քանդվել են հին շենքերը, սակայն դրանց վերակառուցման մասին դեռևս չենք լսել:

Մտավորականները, ճարտարապետները և առհասարակ Երևանի հին կոլորիտը պահպանելու ցանկությամբ լցված սրտացավ քաղաքացիներն արդեն շաբաթներ շարունակ պայքարում են Աֆրիկյանների շենքի համար: Սակայն որքան մեծ է հասարակության զայրույթը, այնքան անդրդվելի են շենքի քանդումն իրականացնողները:

News.gisher.ru-ի հետ զրույցում Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշեց, որ նմանօրինակ երևույթները մեր հասարակության մեջ տեղ են գտել, քանի որ անպատժելի են դարձել: Այսօր ոչ մի օղակ չի գիտակցում իր պարտականությունը, իսկ պատասխանատվություն կրելու ժամանակ ՛՛մեկի մյուսի վրա է բարդում՛՛:
Ի վերջո ովքեր են այս ամենի պատասխանատուները: Պատկան մարմիններն, այս դեպքում ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն երբեմն խուսափողական դիրք են գրավում, կամ էլ պատասխանատուներին փնտրելով հայտնվում ես շղթայական իրավիճակում: Գագիկ Գյուրջյանի հավաստմամբ այսօր Հայաստանում իրոք շղթայական կարգավիճակ է: Կոնկրետ այս կամ այն արժեքի, գործի կամ արարքի պատասխանատուներին չես գտնում,քանի որ չկա պատասխանատվության զգացում, գործի գիտակցում և օրենքներից զատ բարոյականի կրում:

Այդուհանդերձ, ուրախալի է, որ մեր հասարակությունն անտարբեր չէ և նմանօրինակ երևույթների նկատմամբ պայքար է մղում: Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժմանը, ապա ակտիվիստները խոստացել են մինչև վերջ պայքարել, սակայն կարելի է ասել, որ շենքի 50 տոկոսն արդեն քանդվել է և քարերը տեղափոխվել:Նշենք, որ նրանք գրեթե ամեն օր կանգնում են կիսաքանդ շենքի մոտ, այդպիսով թույլ չտալով այն ապամոնտաժել:                                                                                                             

 

                                                                                                                    Սյուզի Ասատրյան