31-03-2017 13:44

Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին. Այն ինչ կատարվել է՝ սարսափելի է (Տեսանյութ)

Համաշխարհային ճանաչում ունեցող անգլիացի կոմպոզիտոր, երգիչ Էլքոն Ջոնը իր Facebook-յան էջում ազդարարել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալը:
« Ուրախ եմ հայտնել Առաջին աշխարհամարտի սկզբներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող « Խոստում» ֆիլմի թողարկման մասին: Այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք խոստանանք՝ երբեք չմոռանալ և աջակցել մարդու իրավունքներին, որտեղ էլ որ գտնվենք»,- գրել է նա:
Համաշխարհային ճանաչում ունեցող երգչի խոսքերով ցեղասպանության ոչ մի զոհ չպետք է մոռացվի:
Ավելի վաղ Էլթոն Ջոնը և կանադական կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշը փետրվարի 27-ին, ամերիկյան « Օսկար» կինոմրցանակաբաշխությանը նվիրված երեկույթին ներկայացրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմը:
Ֆիլմը ցուցադրվել է բարեգարծական ընթրիքի ժամանակ, որի ընթացքում հավաքված հանգանակությունները ուղղվում են մարդասիրական ծրագրերի իրականացմանը:
«Խոստում» ֆիլմի ստեղծող թիմը որոշում է կայացրել՝ ցուցադրությունից ստացված շահույթը նվիրաբերել հասարակական կազմակերպություններին. այդ թվում նաև Էլթոն Ջոնի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին(Elton John AIDS Foundation/EJAF), և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունների:
Երեկոյի ընթացքում միջոցների հանգանակմանը( որոնք ծառայելու են մարդասիրական նպատակների) մասնակցություն են ունեցել նաև հայ բարեգործներ Րաֆֆի և Վաչե Մանուկյանները:

Նշենք, որ «Խոստում» ֆիլմի պրեմիերան կայացել էր անցած տարի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյում անցնող կինոփառատոնին:
Ռեժիսոր Թերի Ջորջի պատմական դրամայի գործողությունը ծավալվում է Օսմնյան կայսրությունում՝ դրա գոյության վերջին օրերին, և շոշափում է հայերի ցեղասպանության թեման: Սյուժեի հիմքում ընկած է Մայքլ անունով ուսանող- բժիշկի, չքնաղ Աննայի և Փարիզից ամերիկյան լրագրող Քրիսի սիրային եռանկյունին:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Օսկար Այզեքը, Շարլոտա Լե Բոնը և Քրիստիան Բեյլը:
Հոլիվուդյան այս պատմական դրամայի ֆինանսավորումը 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում մահացած հայկական արմատներով ամերիկյան գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն էր: