26-05-2015 11:35

Ավստրալիայի իշխանությունները սպառնում են ազատազրկել Ջոննի Դեփին

Ավստրալիայի իշխանությունները սպառնացել են 10 տարով ազատազրկել հոլիվուդյան դերասան Ջոննի Դեփին երկիր մաքսանենգության միջոցով շներ ներմուծելու և կարանտինի մասին օրենքները խախտելու համար: Դերասանը նաև կարող է դատապարտվել 340 հազար ավստրալական դոլար տուգանք մուծելուն (շուրջ 270 հազար ԱՄՆ դոլար): Համապատասխան առաջարկը հնչեցվել է երկրի Սենատում Կանբերրայում երկուշաբթի՝ մայիսի 22-ին: Բացի այդ երկու տարվա ազատազրկման կարող է դատապարտվել դերասանի օդաչուն, ով, նրանց կարծիքով, կարող էր աջակցել կենդանիների ապօրինի ներմուծմանը: Նշված է, որ երկրի կառավարության այդ հայտարարությունից հետո Դեփը իր կնոջ՝ Էմբեր Հըրդի հետ, շտապ հեռացել է երկրից: Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքում դերասանը մասնակցում էր «Կարիբյան կղզու ծովահեններ» ֆիլմի հերթական մասի նկարահանումներին: Նկարահանման խմբի ներկայացուցիչ Մայքլ Սինգերի (Michael Singer) խոսքով՝ Դեփի հեռանալը երկրից նախօրոք է նախատեսված եղել, և այն որևէ կարպ Սենատի նիստի հետ կապված չէ: Սինգերը պարզաբանեց, որ դերասանը մեկնել է Լոս Անջելես մայիսի 27-ին դստեր՝ Լիլի Ռոուզի ծննդյան 16-ամյակին մասնակցելու: Սինգերի խոսքով՝ Դեփի բացակայությունը որևէ կերպ չի անդրադառնա «Կարիբյան կղզու ծովահեններ»-ի նկարահանման վրա, քանի որ այդ ժամանակ նկարահանվելու են այն տեսարանները, որոնց Դեփը չի մասնակցում: Միևնույն ժամանակ նա չի հայտնել, թե երբ է վերադառնալու Դեփը: Մայիսի 14-ին հայտնի է դարձել այն մասին, որ Ավստրալիայի գյուղնախարար Բարնաբի Ջոյսը խոստացել է թունավորել Դեփին պատկանող յորքշիրյան տերիերներին, որոնց Դեփը երկիր էր բերել առանց անասնապահական վերահսկման իր մասնավոր ինքնաթիռով: Ջոյսը հայտարարեց, որ շներին երկրից դուրս հանելու համար Դեփին 48 ժամ է տալիս: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Դեփը և նրա կինը՝ Էմբեր Հըրդը Բու և Պիստոլ անուններ կրող շների հետ կհեռանան երկրից արդեն մայիսի 15-ին, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանը շներին ուղարկել է Լոս Անջելես, իսկ ինքը շարունակում է նկարահանվել: