Բավ է պառակտվել
09-10-2017 14:10

Անհամբերությամբ եմ սպասել Հայաստան այցելությանս. Ջոն Մալկովիչ

 

Երևան այցելելու հարցը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժորի հետ քննարկվել է դեռևս երկու տարի առաջ, այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը:
« Երևան այցելելու վերջնական որոշումը կայացվել է այս տարվա գարնանը: Ես անհամբերությամբ եմ սպասել այս այցելությանը»,- նշել է Մալկովիչը:
Հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչը հոկտեմբերի 11-ին Երևանում հանդես կգա Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացմանը: Դերասանը մեկ բեմում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Ինչպես այսօր նշել է Մալկովիչը, ծրագիրը, որով նա հանդես կգա փառատոնին, առաջին անգամ ներկայացվել է երեք տարի առաջ՝ Հարավային Կորեայում:
« Կոմպոզիցիան հիմնված է Ալֆրեդ Շնիդկեի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված երրորդ կոնցերտի վրա: Արգենտինյան հեղինակ Էռնեստո Սաբատոյի պիեսի մի մասը հարմարեցվել է տվյալ կոնցերտին: Նովելը կոչվում է « Հերոսների և շիրիմների մասին»»,- մանրամասնել է Մալկովիչը:
« Երկու օր առաջ ենք վերադարձել Զագրեբից: Ես, Սերգեյն ու ռուս դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան տուրնեի շրջանակներում ելույթ ենք ունեցել նաև Արգենտինայում»,- նշել է Մալկովիչը:
Նրա խոսքերով, ինքը բազմիցս է ելույթ ունեցել դասական երաժիշտների հետ: « Երաժշտությունն ինքնին ուժ ունի, մանավանդ, կենդանի դասական երաժշտությունը»,- ասել է Մալկովիչը:


Նա ընդգծել է, որ կատարումը, որով ինքը հանդես կգա Երևանում, երաժշտության և տեքստի համադրություն է:
« Երաժշտություն, որն ըստ իս չքնաղ է, իր մեջ պարանոյայի էլեմենտներ է պարունակում»,- ասել է Մալկովիչը:
Սմբատյանն իր հերթին նշել է, որ փառատոնը կարելի է կայացած համարել:
« Դրա մասին է վկայում այն, որ այսօր այստեղ է գտնվում Ջոն Մալկովիչը: Եվ մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ պատրաստ ենք սկսել փառատոնը»,- ընդգծել է Սմբատյանը:
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Իվան Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այն կտևի մինչև դեկտեմբերի 11-ը:
Փառատոնը կանցնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական տոնը իրականություն կդառնա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերի շնորհիվ (նվագախմբի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության և «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: